211652_close_icon
views-count4360 դիտում article-date 22:09 20-06-2020

Հանցագործության դեպքերը չարձանագրելու և չհաշվառելու հանցավոր երևույթները բացառելուն ուղղված միջնորդագիր է ուղարկվել Ոստիկանությանը

ՀՀ դատախազությունը, Ոստիկանությունը, ինչպես նաև իրավապահ մյուս մարմինները շարունակում են հետևողական պայքարը իրավասու մարմիններում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից հանցագործությունները միտումնավոր թաքցնելու հանցավոր երևույթի դեմ՝ բացահայտելով և իրավական գնահատականի արժանացնելով նմանատիպ հնարավոր բոլոր առանձին դեպքերը: Մասնավորապես ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2019թ. մայիսի 16-ին Վանաձոր քաղաքի մի բնակչի բնակարանից կատարվել է երկու բջջային հեռախոսների և մեկ պլանշետի գողություն, ինչի մասին վերջինս ահազանգել է ոստիկանություն: Ահազանգի կապակցությամբ բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի երեք աշխատակիցներ, որոնք, բնակչի կողմից նույնիսկ հնարավոր գուղություն կատարող անձի ինքնության վերաբերյալ կասկածներ հայտնելու պարագայում, ծանր հանցագործության դեպքի վերաբերյալ նրանից գրավոր հաղորդում չեն ընդունել, հանցագործությունը բացահայտելու, այն կատարած անձին ի հայտ բերելու համար սահմանված ընթացակարգով անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել՝ հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու դրդումներից ելնելով: Փոխարենը բանավոր խոսքով հայտնել են, որ կզբաղվեն այդ հարցով, իսկ հաջորդ օրը քաղաքացուն վստահեցրել են, որ վերջինիս կողմից մատնանշված անձին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, սակայն նա չի ընդունել գողություն կատարելու հանգամանքը, նրան բաց են թողել: Ապա քաղաքացուն հրավիրել են ոստիկանության բաժին և հորդորել դիմում ներկայացնել, թե իբրև բջջային հեռախոսը կորցրել է ու չնշել գողության մասին: Վերջինս ամուսնու հետ ներկայացել է ոստիկանության բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցների հորդորով և թելադրանքով դիմում է ներկայացրել, թե իբրև 2019թ. մայիսի 16-ին կորցրել է իրեն պատկանող բջջային հեռախոսը՝ չնշելով նաև գողացված մյուս բջջային հեռախոսի ու պլանշետի մասին: Արդյունքում, ենթադրաբար կատարված ծանր հանցագործության դեպքը չի արձանագրվել, չի հաշվառվել, հանցագործությունը մնացել է չբացահայտված, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել անձի իրավունքներին և օրինական շահերին, խաթարվել է արդարադատության շահը: Վերոնշյալ հանգամանքների մասին ավելի ուշ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում քաղաքացին տվել է բացատրություն: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2019թ. հուլիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: 2020թ. հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնի պետի տեղակալին, քրեական հետախուզության բաժանմունքի պետին և նույն բաժնի օպերլիազորին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար: Առաջադրված մեղադրանքում վերջիններս իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ, աջակցել հանցագործությունը լիովին բացահայտելուն, զղջացել կատարածի համար: Նրանց մեղսագրվող հանցավոր արարքները հիմնավորվել են նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված այլ ապացույցներով: Նկատի ունենալով ինչպես ոստիկանության ծառայողների կողմից ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները սահմանված կարգով հաշվառելու և ստուգելու գործընթացում նմանատիպ հանցավոր չարաշահումներին նպաստող պայմաններն ու պատճառներն արմատապես վերացնելու, այնպես էլ նման երևույթները թույլ չտալու ուղղությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության և նույն վարչության Տարոնի բաժնի վերահսկողական լիազորություններով օժտված իրավասու պաշտանատար անձանց կողմից գործուն միջոցներ չձեռնարկելը բացառելու անհրաժեշտությունը՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից միջնորագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալին: Մասնավորապես, առաջարկվել է գործուն միջոցներ ձեռնարկել ՀՀ ոստիկանությունում տեղ գտած նման դրսևորումները բացառելու, նշված խախտումները և դրանց պատճառները պարզելու, խախտումներ թույլ տրված պաշտոնատար անձանց խիստ պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով և ձեռնարկված միջոցառումների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը:

Նմանատիպ նյութեր