Կամո Սարգսյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
Ազգային ժողովում տեղի ունեցած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում, Կամո Սարգսյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
«[url=https://armenpress.am/arm/news/1018843.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 18-ի խորհրդարանի նիստում ասաց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 86 «կողմ», 8 «դեմ»,- ասաց Հովակիմյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Կամո Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ վարչապետը:
Կամո Սարգսյանը ծնվել է 1976 թվականին, Ռուսաստանի Դաշնության Բեսլան քաղաքում: Ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ստացել ինժեներ-տնտեսագետի որակավորում:
2019թ. մայիսի 31-ից մինչև 2020թ. մայիսի 31-ը զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնը: 2018-2019թթ. եղել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ կոմիտեի նախագահի պաշտոնակատար: