5996 դիտում
01:58 18-06-2020
Կոչ ենք անում ԶԼՄ-ների ղեկավարներին՝ զերծ պահել իրենց աշխատակիցներին զանգվածային հավաքները լուսաբանելիս մարդկային կուտակումների կիզակետում գտնվելուց
Երեկ՝ հունիսի 16-ին, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվելուց հետո դուրս է եկել տարածքում հավաքված իր աջակիցների մոտ, առաջացած հրմշտոցի, ինչպես նաև ոստիկանական գործողությունների հետևանքով տուժել են գործընթացը լուսաբանող լրագրողներից առնվազն 5-ը։
Մասնավորապես՝ վնասվածքներ են ստացել «News.am» լրատվական կայքի թղթակից Լիանա Սարգսյանը, «Tert.am»-ի լրագրող Անի Գևորգյանը, «Yerkir.am»-ի թղթակից Տաթևիկ Կոստանդյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանը, «MegaNews.am» կայքի խմբագիր Մարգարիտա Դավթյանը։
Տուժած լրագրողների վկայությամբ, ստեղծված խառնաշփոթի ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցները հայտնվել են ոստիկանական շուրջկալի մեջ, որից հետո նրանց վրա հարվածներ են տեղացել։
Անկախ նրանից, թե այդ գործողությունները նպատակաուղղված էին, թե պայմանավորված` անզգուշությամբ կամ անբավարար պրոֆեսիոնալ պատրաստվածությամբ, արձանագրում ենք, որ ուժայինները ոչ միայն չեն կարողացել պաշտպանել լրագրողներին, այլև խոչընդոտել են վերջիններիս աշխատանքը։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, և պահանջում ենք ՀՀ ոստիկանությունից՝ ծառայողական օբյեկտիվ քննություն իրականացնել` տվյալ միջադեպը ուսումնասիրելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
Միաժամանակ, հաշվի առնելով, որ այս իրադարձությունները տեղի են ունենում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության պայմաններում, կոչ ենք անում ԶԼՄ-ների ղեկավարներին՝ զերծ պահել իրենց աշխատակիցներին զանգվածային հավաքները լուսաբանելիս մարդկային կուտակումների կիզակետում գտնվելուց, իսկ դրա անհնարինության դեպքում տալ անվտանգությունը պահպանելու հստակ հրահանգներ։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
Նմանատիպ նյութեր
25293 դիտում
10:50 15-03-2020
Կոչ եմ անում բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից. Արսեն Թորոսյան
Այս բաժնից
13109 դիտում
09:31 26-12-2024
Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Chrysler»-ը, «BMW»-ն և «Toyota»-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ