211652_close_icon

Զորամասերում անցկացվել են մարտական պատրաստության բարձրացման միջոցառումներ

views-count798 դիտում article-date 21:43 16-06-2020
Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հունիսի 15-ին 1-ին զորամիավորման N զորամասում անցկացվել է մեքենավարման պարապմունք: Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, բարդ տեղանքում հաղթահարել են արգելքներ և հաջողությամբ կատարել առաջադրանքը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 15-ին անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ: Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ցուցադրվել են հրետանու կրակի կառավարման գործողություններ: Ճշգրտվել են պայմանական հակառակորդի կոորդինատները և հաջողությամբ խոցվել բոլոր թիրախները: Ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները ստուգելու, դաշտային վարժվածության մակարդակը կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, իրականացրել ականապատման, ականազերծման, ականների պայթեցման գործնական պարապմունքներ: Հաստիքային զենքից կրակի վարման հմտությունները և զինծառայողների անհատական վարժվածության մակարդակն ամրապնդելու նպատակով հունիսի 15-ին 4-րդ զորամիավորման վարչակազմն անցկացրել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Անձնակազմը հրահանգավորվել է կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Զինծառայողները խոցել են կրակադաշտի բոլոր թիրախները և կատարել առաջադրված խնդիրները: 5-րդ զորամիավորման N զորամասում հունիսի 15-ին անցկացվել է մարտական գործողությունների ժամանակ վիրավորների տարհանման և առաջին բուժօգնության ցուցաբերման գործնական պարապմունք: Ստուգվել են ռազմաբժշկական անձնակազմի մասնագիտական գիտելիքները, արագ կողմնորոշվելու և գործելու կարողությունները: Զինծառայողներն առաջադրված խնդիրները կատարել են անթերի և ապացուցել, որ ունակ են իրական մարտական գործողությունների ժամանակ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել մարտադաշտից տարհանվող վիրավորներին:

Նմանատիպ նյութեր