211652_close_icon
views-count2255 դիտում article-date 23:39 16-06-2020

Քննարկվել են ՌԴ Սվերդլովսկի մարզի հետ առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի ՏԱՍՍ լրատվական գործակալության ՏԱՍՍ–Ուրալ մամուլի կենտրոնից ուղիղ հեռարձակմամբ հունիսի 16–ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի և Սվերդլովսկի մարզի Միջազգային և արտաքին տնտեսական կապերի նախարար Վասիլի Կոզլովի գլխավորությամբ, կայացել է տեսաժողով` նվիրված Սվերդլովսկի մարզի և Հայաստանի առևտրատնտեսական համագործակցության հեռանկարներին։ Տեսաժողովին մասնակցել են երկու կողմերի պետական կառույցների և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրումների ներգրավման, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտների պատասխանատու պաշտոնյաներ։ Վարոս Սիմոնյանը և Վասիլի Կոզլովը իրենց ողջույնի խոսքում գոհունակություն են հայտնել նման ձևաչափով երկխոսության կազմակերպման առիթով` նշելով, որ այն սկիզբ կդառնա արդյունավետ գործակցության նոր փուլ սկսելու համար։ Վասիլի Կոզլովը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին տեսաժողովի առաջարկն ընդունելու համար և տեղեկացրել, որ այս նախաձեռնությունը բիզնեսի պահանջն է և մարզի ավելի քան 50 կազմակերպություններ և ընկերություններ արդեն իսկ առաջարկություններ են ներկայացրել Հայաստանի գործընկերների հետ համագործակցության իրենց հետաքրքրող ոլորտների վերաբերյալ։ Նա առանձնացրել է գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ներդրումների, առողջապահության, կրթության ոլորտները և այլն։ Այդ առնչությամբ նախատեսվում են քննարկումներ նաև Հայաստանի այլ գերատեսչությունների և կազմակերպությունների, ինչպես նաև գործարարների հետ` հստակեցնելու փոխշահավետ գործակցության շրջանակները։ Վարոս Սիմոնյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի և իր անունից շնորհակալություն է հայտնել Սվերդլովսկի մարզպետին և կառավարությանը` Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու նախաձեռնության համար` նշելով, որ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերը միշտ կարևորվել են Հայաստանի կառավարության կողմից և Սվերդլովսկի մարզը այդ գործընթացում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել, ինչի վկայությունն է Սվերդլովսկի մարզի և Հայաստանի միջև կնքված և արդեն ավարտվող 10 տարվա համագործակցության համաձայնագիրը։ Նա նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սվերդլովսկի մարզի միջև համագործակցության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքը ավարտական փուլում է և հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով, համակարգված աշխատանքի շնորհիվ կհաջողվի հաղթահարել նոր համավարակով պայմանավորված դժվարությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։ Տեսաժողովի ընթացքում քննարկում է ծավալվել Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։ Ներկայացվել են համագործակցության առաջարկներ զբոսաշրջության, օրգանիկ գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, դեղագործության ոլորտում, պտուղ–բանջարեղենի մատակարարման կազմակերպման ուղղությամբ, ինչպես նաև քննարվել են կողմերի ներդրումային հնարավորությունները: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են հստակեցնել և փոխանակել համագործակցության ցանկություն հայտնած ընկերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ տեղեկատվություն, նաև, համավարակը հաղթահարելուց հետո, կազմակերպել համապատասխան պաշտոնյաների, գործարարների, տուրօպերատորների և լրագրողների փոխադարձ այցեր` համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով։ Տեսաժողովն ամբողջությամբ հասանելի է հետևյալ [url=https://www.facebook.com/tass.ural/videos/192365318753342/?v=192365318753342]հղումով[/url].

Նմանատիպ նյութեր