211652_close_icon
views-count5734 դիտում article-date 23:14 15-06-2020

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կներկայացնի համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 21-ին կներկայացնի առցանց համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան։ ԿԵԱԿ բոլոր երաժշտախմբերը՝ փոքր կազմերով, իրենց խոնարհումը կբերեն այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին: Ընդ որում՝ սա պարզապես նախկինում նկարահանված համերգի տեսագրություն չի լինելու։ Համերգն անցկացվելու է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան պատշգամբում, որտեղ կտեղադրվի հատուկ լուսավորություն։ Համերգի ընթացքում պահպանվելու են անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։ ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանն առանձնահատուկ շեշտում է՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում փորձում են այլ կերպ օգտագործել կենտրոնի տարածքները։ Նախկինում այս տարածքը բազմիցս ցանկացել են օգտագործել, սակայն այն քիչ թվով հանդիսատես էր տեղավորում, իսկ այս պարագայում հնարավորություն է ստեղծվել համերգ իրականացնել առանց հանդիսատեսի։ «Հատկանշական այդ օրը հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը։ Այս քայլով մենք մեր շնորհակալություն ենք հայտնում բոլոր բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության անձնակազմերին, տեխնիկներին, դեղատների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում մեր առավել խոցելի բնակչության համար: Շնորհակալություն նրանց բոլորին ամենօրյա զոհողությունների, նվիրվածության ու քաջության համար: Շնորհակալություն փրկված կյանքների համար»,-նշում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը, ում նախաձեռնությամբ էլ իրականություն կդառնա այս համերգը։ Համերգին կներկայացվեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Այն հասանելի կլինի հունիսի 21-ին, ժամը 21։00 Կամերային երաժշտության ազգային կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Բուժաշխատողի օր: Օրը պաշտոնական և ոչ պաշտոնական օղակներին հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ արժևորել բուժաշխատողի դերն ու նշանակությունը հասարակության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր