211652_close_icon
views-count1077 դիտում article-date 14:21 13-06-2020

Երևանի կենդանաբանական այգու և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Երևանի կենդանաբանական այգու և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը ու կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։ Հուշագրի ստորագրման նպատակն է՝ գիտական և կրթական հարաբերությունների ձևավորումը երկու կառույցների միջև և դրանց հետագա զարգացումը։ Նախանշվել են այն հիմնական ուղղությունները, որոնցով կընդլայնվի Երևանի կենդանաբանական այգու ու կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջև գործակցությունը։ Վլադիմիր Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Բարդուխ Գաբրիելյանին այգուն աջակցելու պատրաստակամության համար և ընդգծել, որ այս փաստաթուղթը կնպաստի Երևանի կենդանաբանական այգու մասնագիտական գործունեության կատարելագործմանը, այգին ոլորտի գիտական կենտրոն դարձնելուն ուղղված քայլերին։ Բարդուխ Գաբրիելյանի խոսքով՝ ողջունելի է Երևանի կենդանաբանական այգու նոր տնօրինության այս քայլը ՀՀ ԳԱԱ և այլ գիտական կառույցների հետ երկխոսության ձևավորման առումով։ Նա նշել է, որ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը կփորձի իր ներդրումն ունենալ Երևանի կենդանաբանական այգու հետագա զարգացման և գործունեության արդյունավետության բարձրացման գործում։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի, այդ թվում՝ սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման, համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման, վերապատրաստումների և այլ հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր