211652_close_icon
views-count2594 դիտում article-date 10:41 13-06-2020

Անմարդկային քարոզչությունը պարարտ հողի վրա է ընկնում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ինչպես արդեն բազմիցս նկատել եմ, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը և ես տարբեր մոտեցումներ ունենք այն հարցին, թե ինչն է հանդուրժելի, ինչը՝ ոչ: Բնակչությունը, ինչպես նաև քաղաքական ուժերի մեծամասնությունը (իշխող և ոչ իշխող) անընդունելի են համարում, երբ ընդդիմախոսներն իրենցից տարբերվող կարծիք են արտահայտում՝ այդ այլընտրանքային կարծիքը համարելով կա՛մ հոգեկան հիվանդության և կա՛մ «մութ ուժերի» («հինգերորդ շարասյան», «նախկինների», Բիլ Գեյթսի, Սորոսի, մասոնների և այլոց) դավերի դրսևորում: Համոզված եմ, որ իրենց տեսակետն իրավունք ունեն արտահայտելու բոլորը՝ անկախ իրենց սոցիալական դիրքից, նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնից, ենթադրյալ կամ իրականում կատարած հանցագործություններից՝ մի խոսքով բոլորն անխտիր: Ցանկալի է, որ այդ տեսակետն արտահայտվի զուսպ, դիմացինի նկատմամբ հարգանքի ցուցաբերմամբ: (Այս առումով, իշխող թիմն, ինչպես տեսնում ենք, որոշ խնդիրներ ունի): Ըստ այդմ, «ես համաձայն չեմ կառավարության հետ», «այս հարցերում կառավարությունը սխալ է աշխատում», անգամ՝ «այս կառավարությունն ապաշնորհ է» արտահայտությունները, անկախ նրանից, ես դրանք ճիշտ թե սխալ եմ համարում, ինձ համար միանգամայն ընդունելի են: Կառավարության հրաժարականի պահանջը, թեև չեմ կիսում, բայց դարձյալ քաղաքական պայքարի շրջանակներում միանգամայն նորմալ եմ համարում: Իհարկե, ցանկացած իշխանության համար նման արտահայտություններն ու պահանջները տհաճ են, իսկ ինչպես դրանց արձագանքել՝ դա արդեն դաստիարակության և մշակույթի խնդիր է: Բայց համավարակի պայմաններում կան բաներ, որոնք ինձ համար անհանդուրժելի են: Դրանք պարետատան որոշումները չկատարելու բացահայտ կամ քողարկված կոչերն են. «Ժողովուրդ, սաղ սուտ է, ոչ մի կորոնավիրուս չկա: Դիմակ մի՛ կրեք, թքա՛ծ ունեցեք»: Նման քարոզչությունն ինձ համար հավասարազոր է իրար սպանելու կոչերին և, իմ կարծիքով, պետք է պետության կողմից արժանանա համանման վերաբերմունքի: Այդ քարոզչությունն ուղղված է ոչ թե իշխանության կամ որևէ քաղաքական ուժի դեմ, այլ՝ մարդկանց, նրանց կյանքի և առողջության դեմ: Իսկ նման խոսքի ազատությանը ես դեմ եմ: Պարզապես պետք է հաշվի առնել, որ այդ անմարդկային քարոզչությունը պարարտ հողի վրա է ընկնում: Իսկ այդ պարարտ հողը նույն «հպարտ քաղաքացիներն» են, որոնք ժամանակին ոգևորված էին տեսախցիկների և արագաչափերի դեմ պայքարով»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր