211652_close_icon
views-count3145 դիտում article-date 22:24 12-06-2020

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել

Հունիսի 10-ին Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողները և պատվիրակության ղեկավարը համատեղ հայտարարություն են տարածել Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր մայրուղու կառուցման վերաբերյալ: Մենք մեծապես կարևորում ենք աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող քայլերը և Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր ճանապարհի կառուցումով, նորից վերահաստատում մեր աջակցությունը նմանօրինակ ջանքերին: Վերհաստատում ենք նաև Արցախի Հանրապետության հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարևորում բանակցային գործընթացի բոլոր փուլերին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ փաստում ենք, որ Եվրախորհրդարանի երեք պատգամավորների վերոհիշյալ հայտարարությունը խիստ սուբյեկտիվ և կողմնակալ է իր բնույթով, իսկ նման մոտեցումները, ինչպես ցույց է տվել փորձը, միշտ էլ բացասական ազդեցություն են թողել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված ջանքերին, որոնց ուղղությամբ տարիներ շարունակ իրենց գործունեությունն են իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները: Վերոհիշյալ պատգամավորների սուբյեկտիվ մոտեցման մասին վկայում է նաև այն, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը նրանց կողմից երբևիցե չի արժանացել ոչ մի արձագանքի: Կոչ ենք անում խորհրդարանական կառույցներին, հասարակական ու քաղաքական գործիչներին դատապարտել ցանկացած նմանօրինակ քայլ՝ խստիվ հետևելով միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին: [b]«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն «Միասնական հայրենիք» խմբակցություն Արցախի «Արդարություն» խմբակցություն «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն[/b]

Նմանատիպ նյութեր