8087 դիտում
23:16 11-06-2020
Հայաստանի և սփյուռքի բուժաշխատողները համատեղել են ջանքերը՝ հաղթահարելու կորոնավիրուսի դեմ պայքարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 2-ից սկսած՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի, Հայկական միջազգային բժշկական կոմիտեի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ մեկնարկել է բժշկական վեբինարների շարք:
Մասնակցում են Հայաստանի և սփյուռքի առողջապահության ոլորտի այն ներկայացուցիչները, որոնք այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում են:
Մասնագիտական վեբինարների նպատակն է քննարկել համավարակի կանխարգելման և բուժման ընթացակարգերը, հատուկ դեպքերի համար բուժման հնարավոր մոտեցումները, ինչպես նաև կատարել փորձի փոխանակում, ընդլայնել համահայկական բժշկական ցանցը, հասանելի հարթակում համախմբել ամբողջ աշխարհից նախաձեռնությանը միացած պրոֆեսիոնալների բժշկական մասնագիտական ներուժը:
Մինչև օրս իրականացվել են 19 վեբինարներ, որոնք ընդգրկել են վիրուսին առնչակից այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կրիտիկական խնամքը, դեղագործությունը, մանկական առողջությունը, ռադիոլոգիան, հղիության վարումը, անհատական պաշտպանիչ հանդերձանքի և վարակի վերահսկման անվտանգությունը, սրտաբանությունը, շտապօգնության բնականոն աշխատանքը, անեսթեզիոլոգիան, էնդոկրինոլոգիան, նյարդաբանությունը, նմուշառման տեխնիկան և այլն:
Քանի դեռ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակվում է, բժշկական վեբինարների այս շարքին Հայաստանից և սփյուռքից գնալով ավելի մեծաթիվ բուժաշխատողներ են միանում. եթե ապրիլին քննարկումներին մասնակցում էր առողջապահության ոլորտի 40 մասնագետ, մայիս-հունիս ամիսներին յուրաքանչյուր վեբինարի ընթացքում մասնակիցների քանակը գերազանցում է 100-ը:
Բուժքույրների մասնակցությամբ վեբինարների հատուկ շարքի կազմակերպչական աշխատանքներին միացել է նաև Բուժքույրների հայ-ամերիկյան ասոցիացիան: Այս համագործակցության արդյունքում սփյուռքից և Հայաստանի գրեթե բոլոր մարզերից ու Երևանից հարյուրավոր բուժքույրներ հնարավորություն ունեն միանալ մասնագիտական քննարկումներին ու ստանալ նոր փորձառություն:
Մինչ օրս վեբինարները վարել են աշխարհի տարբեր համալսարաններում բարձր որակավորումներ և գիտական աստտիճաններ ունեցող, հայտնի բժշկական հաստատություններում գործունեություն ծավալող սփյուռքահայ բժշկներ:
«Բախվելով կորոնավիրուսի համավարակին՝ ամբողջ աշխարհը դժվարին ժամանակներ է ապրում: Աշխարհի տարբեր կողմերի, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի առողջապահության ոլորտի մեր գործընկերների հետ համատեղ մենք անընդհատ վերագնահատում և թարմացնում ենք մեր միասնական ջանքերը: Առկա նորագույն հարթակների օգտագործման շնորհիվ՝ մենք հեշտությամբ այս համագործակցությունը տեղափոխեցինք վիրտուալ միջավայր, սակայն «դեմ առ դեմ» շարունակեցինք քննարկումներն ու փոխանակվեցինք փորձով և տեղեկատվությամբ:
Այս ամենը մեզ թույլ տվեց ավելի լավ հասկանալ իրավիճակը և պատրաստ լինել լավագույն ձևով հոգ տանելու մեր պացիենտների, հարազատների և ինքներս մեր մասին: Մենք շարունակում ենք մեր ջանքերը և շնորհակալ ենք առողջապահության ոլորտի բոլոր այն հաստատություններին և գործընկերներին, որոնք մասնակցում են այս երկկողմանի միջոցառմանը: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել հատկապես ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին և Առողջապահության ազգային ինստիտուտին մեր հասարակությունների փոխադարձ բարեկեցությանն ուղղված այս ռազմավարական գլոբալ ջանքներին աջակցելու համար»,-ընդգծեց Հայկական միջազգային բժշկական կոմիտեի նախագահ Վիգեն Սեպիլյանը:
«Սփյուռքը կարևոր դերակատարություն է ունեցել կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարի հենց ամենասկզբից: Վիրուսի առաջին դեպքերի հայտնաբերմանը զուգահեռ՝ Լոս Անջելեսի հայ համայնքի առողջապահության ոլորտի մասնագետները սկսեցին Հայաստանին աջակցելու նպատակով անհատական պաշտպանիչ միջոցներ գնել: Այս նախաձեռնությունը տեղի և սփյուռքի բուժաշխատողներին մտերմացրեց առավել, քան երբեք: Այն մեր համագործակցության, սփյուռքի համախմբվածության և հայրենիքին աջակցելու պատրաստակամության վառ ապացույցն է»,-նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Վեբինարների ընթացքում մասնագիտական թարգմանության և «Zoom» ծրագրի հաշիվը փոխհատուցվում է «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն»-ից, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից և իրականացվում «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից:
***
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստան-սփյուռք հարաբերություններում ռազմավարությունների մշակման և իրականացման հիմնական պատասխանատու մարմինն է: Մեր գործունեության մասին ավելի տեղեկացված լինելու համար հետևեք մեզ սոցիալական մեդիայում՝ @DiasporaHighCommissionerOfficeArmenia կամ պարզապես կապ հաստատեք մեզ հետ [email protected] էլ. հասցեով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
813 դիտում
17:09 10-04-2020
Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները հիմնականում ֆինանսավորվում են պետական բյուջեից․ Թորոսյան
2100 դիտում
13:49 22-06-2021
ԵՄ-ն կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը հաղթահարելու երկրի առջև ծառացած մարտահրավերները
Այս բաժնից
931 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
655 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
865 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով