211652_close_icon
views-count3222 դիտում article-date 15:02 11-06-2020

Հստակ կիմանանք, թե երկրում քանի խոշոր եղջերավոր անասուն կա. հաստատվեց կենդանիներին համարակալելու ծրագիրը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հաստատել ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը: Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ ծրագրի նպատակն է Հայաստանում գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգը: «Դա հնարավորություն կտա զգալիորեն բարելավել կենդանիների, մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը: Ծրագիրը նախատեսում է խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառման էլեկտրոնային հարթակի ստեղծում, որի մեկնարկը տրվելու է այս տարվանից: Կհաշվառվի և կհամարակալվի ՀՀ-ում շուրջ 800 հազար խոշոր եղջերավոր կենդանի, որի համար անհրաժեշտ կլինի այս տարի ձեռք բերել 1,6 մլն ականջապիտակ, իսկ հաջորդ տարիներին շուրջ 245 հազար տարեկան: Ծրագրի բյուջեն 2020-2023 թվականներին կկազմի 1,4 մլրդ դրամ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ սեպտեմբերին կսկսեն համարակալման գործընթացը և ինչև տարեվերջ 800 հազար գլխաքանակը համարակալված կլինի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս ծրագրի իրականացման արդյունքում հստակ կիմանանք, թե երկրում քանի խոշոր եղջերավոր անասուն կա, երկրորդ, կլուծենք սննդի անվտանգության, ինչ-որ առումով նաև հետագծելիության հարցը: Այսինքն կիմանանք, որ այս համարանիշով կենդանին որ սպանդանոցում մորթվեց և այլն: Նաև պատվաստումների հետ կապված վերահսկելի իրավիճակ կստեղծենք:

Նմանատիպ նյութեր