211652_close_icon
views-count9643 դիտում article-date 14:28 11-06-2020

Հանքի գործունեությունը կասեցնելու որոշումը ուժի մեջ կմնա, անկախ բողոքարկումից

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին: Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ առաջարկվում է ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի մասնատումը: «Նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը, հանքավայրի տարածքը բաժանվել է հատվածների, ինչը հնարավորություն է տալիս ավելի բարձր արդյունավետություն ունեցող հատվածները օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները թողնել։ Այս նախագծով դա կբացառվի: Հաջորդը, արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում, որտեղ մետաղականի համար՝ եթե վերջին 5 տարիներին գնահատվել և հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում: Սա արվում է նրա համար, որ յուրաքանչյուր գործարար, որն իսկապես ցանկանում է ներդրում կատարել և արդյունավետ շահագործում իրականացնել, նախ իրականացնի համապատասխան ուսումնասիրություն, քանի որ ՀՀ-ում վերջին ուսումնասիրությունները կատարվել են 1950-ական թվականներին: Մեկ այլ փոփոխությամբ գործող իրավունքի տրամադրման 50 տարի առավելագույն ժամկետը փոխել 25 տարվա, իսկ ոչ մետաղականների համար 15 տարվա: Առաջարկում ենք նաև ընդերքօգտագործման գրավադրումն իրականացնել ոչ թե տեղեկացմամբ, այլ նախապես համաձայնության ստացման ընթացակարգով։ Իսկ համաձայնություն կտրվի այն դեպքում, եթե գրավի հիմքով ձեռք բերված փոխառությունը կօգտագործվի տվյալ հանքավայրերի շահագործման և ընդերքօգտագործողի պարտավորությունների իրականացման նպատակով»,- ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ սահմանվում է նաև, որ եթե տեսչական մարմնի եզրակացության հիման վրա որոշում է կայացվում կասեցնել հանքի գործունեությունը, իսկ սեփականատերը դիմում է դատարան, հանքը մնում է կասեցված, մինչև դատարանի որոշումը:

Նմանատիպ նյութեր