211652_close_icon
views-count3721 դիտում article-date 13:44 11-06-2020

Այսուհետ նոտարում գործարքից հետո քաղաքացուն չեն ուղարկի կադաստր

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին: Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխության արդյունքում կպարզեցվի գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացը։ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի նախատեսում նոտարական վավերացված գործարքից հետո պետական գրանցում իրականացնելու դեպքում 30-օրյա ժամկետը հարգելի համարել: «Այսինքն որևէ հիմք չկա, որով անձը կարող է այդ ժամկետի խախտումը հիմնավորել իր մեղքից չկախված հանգամանքներով: Դա ճանաչվել է հակասահմանադրական, դրա համար մենք առաջարկում ենք սահմանել այն հիմքերը, որոնց դեպքում՝ անձը կարող է հարգելի համարելու միջնորդություն ներկայացնել և դա կադաստրի կողմից հարգելի կհամարվի և պետական գրանցումը կիրականացվի: Հաջորդն այն է, որ հիմա նորտարով վավերացված գործարքը նորտարը կարող է ուղարկել կադաստր, բայց դա հստակ իր պարտականությունների մեջ չի մտնում: Հիմա սահմանում ենք, որ դա իր պարտականությունն է: Այսինքն անձը նոտարի մոտ գործարքն իրականացնելիս էլ չգնա կադաստրում առանձին գրանցում կատարելու: Բայց եթե անձը չուզի նոտարի մոտ դա անել, կարող է առանձին դիմել կադաստր: Նաև սահմանվում է, որ դրա համար հավելյալ տուրք չգանձվի: Այսինքն այս փոփոխությամբ գործարքից հետո անձը կարող է չգնալ կադաստր և այնտեղ ևս մեկ դիմում մուտք անել: Միայն պետք է գնա և վերցնի իր սեփականության վկայականը»:

Նմանատիպ նյութեր