211652_close_icon
views-count3486 դիտում article-date 16:57 11-06-2020

Աշխարհում 125 ծրագրեր ջանք են թափում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար

Աշխարհում ներկայում գիտնականներն ու հետազոտողներն աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ավելի քան 125 ծրագրերի վրա: Այս մասին տեղեկացնում է «[url=https://www.amerikayidzayn.com/a/5457591.html]Ամերիկայի ձայն[/url]»-ը: Պատվաստանյութեր ստեղծելու համար սովորաբար պահանջվում են տարիներ, ինչպես նաեւ երկար ժամանակ կլինիկական փորձերի համար, սակայն գիտնականները հույս ունեն, որ չափազանց մեծ վտանգ պարունակող այս վարակի դեմ չափազանց մեծ աշխատանքների արդյունքում պատվաստանյութը պատրաստ կլինի մինչեւ եկող տարի: Մինչեւ պատվաստանյութի վերջնական հաստատումը այն պետք է անցնի երեք փուլ: Ամեն դեպքում կորոնավիրուսի վտանգի պատճառով առաջին վաղ փուլերը համատեղվել են, որպեսզի գործընթացն արագանա: Որոշ պատվաստանյութեր այժմ գտնվում են առաջին եւ երկրորդ փորձարկումների փուլում՝ այն փուլում, երբ դրանք փորձարկվում են հարյուրավոր մարդկանց վրա: ԱՄՆ-ի կառավարության «Կորագծի արագության գործողություն» անվանումը ստացած ծրագիրն ընտրել է պատվաստանյութերի հինգ նախագիծ, որոնց դաշնային բյուջեից հատկացնում է միլիարդավոր դոլարներ պատվաստանյութի հայտնաբերման աշխատանքներն իրականացնելու համար: Աշխատանքները սկսվել են հունվարին`SARS-CoV-2 գենոմի վերծանմամբ: Պատվաստանյութի անվտանգության հետ կապված առաջին փորձերն իրականացվել են մարտին, սակայն ճանապարհին անորոշությունները շատ են: Որոշ փորձարկումներ ձախողվում են, մյուսները տալիս են ոչ հստակ պատասխաններ: Հույսն այն է, որ դրանց մի մասը կարող է ամրացնել մարդու իմունային համակարգը, ինչը թույլ կտա օրգանիզմին արտադրելու համար այս վիրուսի դեմ արդյունավետ հակամարմիններ: Նուբար Աֆեյանի գլխավորած «Մոդերնա» ընկերության պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը սկսվելու է հուլիս ամսին: Ընկերությունը հույս ունի, որ պատվաստանյութը վերջնականապես պատրաստ կլինի 2021 թվականի սկզբին: Իր պատվաստանյութը զարգացնելու նպատակով գերմանական «BioNTech» ընկերությունը սկսել է համագործակցել Նյու Յորքում գործող «Pfizer» ընկերության, ինչպես նաեւ չինական դեղագործական «Fosun Pharma» ընկերության հետ: «Pfizer»-ը, որը մայիսին է իրականացրել փորձեր մարդկանց շրջանում, հույս ունի մի քանի միլիոն չափաբաժին ստանալ արդեն աշնանը փորձարկելու համար: Մայիսին ամերիկյան «Inovio» ընկերությունը հրապարակեց մի ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է ԴՆԹ-ի վրա հիմնված իր պատվաստանյութը հակամարմիններ արտադրում մկների օրգանիզմում: ԱՄՆ-ում այժմ արդեն անվտանգության փորձարկումներ են սկսվել մարդկանց շրջանում: Հունիս ամսի վերջից փորձեր կանցկացվեն նաեւ Հարավային Կորեայում: Ֆրանսիական «Sanofi» ընկերությունը պատրաստվում է ստանալ վիրուսային սպիտակուցներ՝ օգտագործելով միջատների բջիջներում արհեստական կերպով ստեղծված վիրուսները: Նպատակն այդ եղանակով իմունային համակարգն ամրապնդելն է: Եթե փորձերը տան դրական պատասխան, ընկերությունն ամեն տարի կարող է արտադրել առնվազն 600 միլիոն չափաբաժին պատվաստանյութ: Վերջին տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի կառավարությունը կֆինանսավորի երեք փորձնական պատվաստանյութերի ստեղծման աշխատանքները: Ինչպես երկրի վարակիչ հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ավագ փորձագետ Էնթոնի Ֆաուչին է ասել, երրորդ փուլի փորձարկումները, այսինքն, երբ պատվաստանյութի փորձերին մասնակցում են հազարավոր մարդիկ, կսկսվեն հուլիս ամսին Նուբար Աֆեյանի ղեկավարած «Մոդերնա», օգոստոսին` «Oxford/AstraZeneca», սեպտեմբերին` «Johnson & Johnson» ընկերություններում:

Նմանատիպ նյութեր