211652_close_icon
views-count11410 դիտում article-date 21:12 10-06-2020

Համաշխարհային բանկը չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված 1.7% տոկոսադրույքը մեկ տարի ժամկետով

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականին տնտեսական իրավիճակի վատթարացում է սպասվում աշխարհի բոլոր երկրներում։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետևանքները: Այս համատեքստում Համաշխարհային Բանկը տեղեկացրել էր Զարգացման Միջազգային Ընկերակցության (ԶՄԸ) կողմից Հայաստանին տրամադրված վարկերից շատերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը մեկ տարի ժամկետով չեղարկելու հնարավորության վերաբերյալ: Ընձեռված հնարավորությունից օգտվելու նպատակով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը պաշտոնական խնդրանքով 2020 թվականի մայիսի 7-ին դիմել էր Համաշխարհային Բանկին: 2020 թվականի հունիսի 4-ի գրությամբ Համաշխարհային Բանկը տեղեկացրել է, որ հայկական կողմի խնդրանքը բավարարվել է, և հիշյալ հավելյալ տոկոսադրույքը չի կիրառվելու Համաշխարհային Բանկի 2021 ֆինանսական տարվա (2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը) ընթացքում: Համաշխարհային Բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար: 2020թ. մայիսի 31-ի դրությամբ ՀՀ կառավարության պարտքի մնացորդը Զարգացման Միջազգային Ընկերակցության վարկերի գծով կազմել է 981 մլն ԱՄՆ դոլար (կառավարության պարտքի 14%-ը), որից հավելյալ տոկոսադրույքի կիրառվում է 763 մլն ԱՄՆ դոլարի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսական իրավիճակի պատշաճ ուսումնասիրությունից հետո Զարգացման Միջազգային Ընկերակցության գործադիր տնօրենների խորհուրդը որոշում էր ընդունել Հայատանին նախկինում տրամադրած վարկերի մեծ մասի գծով վարկավորման պայմանների խստացման ուղղությամբ՝ հավելյալ 1.7% դրույքաչափով ավելացնելով վարկային համաձայնագրերով ամրագրված տոկոսադրույքը, որը կիրառվեց 2014 թվականի հուլիսի 1-ից: [b]ՀՀ ֆինանսների նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր