118129 դիտում
13:47 10-06-2020
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 28-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է «Կռազ»-ի մեջ. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Սարդարապատ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Թելման Սարգսյանը իր վարած Opel մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա առաջ ընթանալով՝ մխրճվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կռազ» մակնիշի վերամբարձ կռունկի հետնամասի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Բաբկեն Հարությունյանը և Սևակ Խաչատրյանը։
Փաստի առթիվ Ս. Խաչատրյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը ավտոմեքենան 3 օր առաջ էր գնել և դեռ համարանիշներ չուներ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+