211652_close_icon
views-count1159 դիտում article-date 13:29 10-06-2020

Խնդիր է դրված ունենալ տեղական ավիափոխադրող. Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ առաջիկայում անելու է ամեն ինչ, որ Հայաստանն ունենա տեղական ավիափոխադրող: «[url=https://armenpress.am/arm/news/1017972.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Պապիկյանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, թե գո՞հ է արդյոք Քաղավիացիայի կոմտեի աշխատանքներից: «2019 թվականը ՀՀ ավիացիայի համար աննախադեպ էր նրանով, որ հնարավորություն ստացանք եվրոպական մի քանի ավիաընկերությունների մուտքը ապահովել Հայաստան, և ՀՀ քաղաքացիների համար մատչելի ուղեվարձով տոմսեր ապահովել դեպի աշխարհի տարբեր կողմեր, մասնավորապես եվրոպական երկրներ»,- ասաց Պապիկյանը: Անդրադառնալով խնդիրներին՝ նա հիշեցրեց, թե դրանք մեկ օրում չէ, որ գրանցվել են, և ամենևին 2019 թվականի արգասիքը չէ: Սակայն նախարարը նշեց՝ իրենք շարունակում են լինել ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդը, և երկրում տեղի ունեցած ցանկացած թերության պատասխանատուն դառնում են նաև իրենք՝ գործող ղեկավարությունը: «Եվ հիմա մեր առջև խնդիր է դրված ամուր հիմքերի վրա դնել, ունենալ տեղական փոխադրող: Խոսքը վերաբերում է ՀՀ տեղական ավիացիային, դրա ջատագովն եմ և առաջիկայում հետևողականորեն ամեն ինչ անելու եմ, որպեսզի մենք ունենանք սեփական ավիացիա: Խոսքը վերաբերում է իրական ավիափոխադրողներին, ոչ թե ձևականորեն Հայաստանում գրանցված և արհեստական ձևավորված միավորումներին»,-ասաց նա: Եվրահանձնաժողովը հունիսի 2-ին թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակը, այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունն արգելվում կամ սահմանափակվում է Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին: Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ավելացվել են այդ ցուցակում ՝ երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների գնահատումից հետո: Ցուցակում են հայտնվել Aircompany Armenia-ը, Armenia Airways-ը, Armenian Helicopters-ը, Atlantis Armenian Airlines-ը, Atlantis European Airways-ը, Mars Avia-ն Skyball-ը: Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտնել էր, որ արգելքն իրականում վերաբերում է միայն երկու ավիաընկերության, որոնք կանոնավոր թռիչքներ ունեին եվրոպական ուղղություններով:

Նմանատիպ նյութեր