211652_close_icon
views-count1445 դիտում article-date 16:32 10-06-2020

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը մարդասիրական աջակցություն է ցուցաբերել 500 ընտանիքի

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով Գեղարքունիքի մարզում «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը 28-կիլոգրամանոց 500 փաթեթ է բաշխել որեւէ սոցիալական խմբում հաշվառում չունեցող սոցիալապես անապահով 500 ընտանիքի: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, փաթեթում ներառվել են սնունդ եւ հիգիենիկ պարագաներ: Բարեգործական փաթեթներից Մարտունու տարածաշրջանում օգտվել է 17 համայնքի 172 ընտանիք, Վարդենիսի տարածաշրջանում՝ 15 համայնքի 148 ընտանիք, Սեւանի տարածաշրջանում՝ 11 համայնքի 110 ընտանիք, Գավառի տարածաշրջանում՝ 5 համայնքի 50 ընտանիք եւ Ճամբարակի տարածաշրջանում ՝ 2 համայնքի 20 ընտանիք: «Համավարակով պայմանավորված այս ծանր ժամանակահատվածում յուրաքանչյուր անհատի եւ կազմակերպության օգնությունը շատ կարեւոր է մեզ համար, ինչի համար շնորհակալ եմ: Առանձնահատուկ շնորհակալ եմ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին, որ մեզ հետ հանդիպումից հետո իրենց թիրախ խումբ ընտրեց եւ օգնություն տրամադրեց այնպիսի սոցիալապես անպահով խմբերի, որոնք ամենաշատն էին տուժել համավարակից, եւ դրանք այն մարդիկ էին, որ որեւէ սոցիալական փաթեթով այս ընթացքում աջակցություն չէին ստացել»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը սույն ձեռնարկի համար արժանացել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհակալական նամակին:

Նմանատիպ նյութեր