211652_close_icon
views-count366 դիտում article-date 14:09 10-06-2020

Գավառում կհիմնանորոգվի 3 շենքի տանիք եւ 13 մուտք

Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում այս տարի կհիմնանորոգվի բազմաբնակարան 3 շենքի տանիք եւ 13 մուտք: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 93 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 60 միլիոն 450 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 32 միլիոն 554 հազար դրամը՝ Գավառի քաղաքապետարանը: Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հավաստմամբ՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվեն Ազատության-38, Ազատության-14, Մովսիսյան-1 բազմաբնակարան շենքերի տանիքները եւ 9 մուտքերը, որոնց կգումարվեն նաեւ Կաբելագործների-9 շենքի չորս մուտքերը: «Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: Շինարարական աշխատանքները կավարտվեն մեկնարկին հաջորդած յոթ ամիսների ընթացքում: Քաղաքի բազմաբնակարան շենքերի համար լուրջ խնդիր է դարձել տանիքների հիմնանորոգումը, քանի որ դրանց մեծ մասը դեռեւս ունի շիֆերային ծածկեր, որոնք տասնամյակների ընթացքում քայքայվել են՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով առաջին հերթին շենքերի պահպանության համար: Անմխիթար վիճակում են գտնվում նաեւ բազմաբնակարան շենքերի մուտքերը, որոնք պահանջում են կապիտալ նորոգում՝ նոր դռների եւ լուսամուտների տեղադրում, ներքին հարդարում, էներգասնուցման հաղորդալարերի մեկուսացում: Տարեցտարի եւ մի քանի փուլերով կփորձենք ամբողջությամբ կարգավորել հիմնախնդիրը»,- վիճակը ներկայացրեց Գավառի քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր