211652_close_icon
views-count2664 դիտում article-date 13:51 08-06-2020

Չկա դեպք, երբ 20 դրամով ներմուծված դիմակը վաճառված լինի 200 դրամով. ՏՄՊՊՀ նախագահ

Հայաստանում բժշկական պաշտպանիչ դիմակների և ձեռնոցների շուկայում հարուցված վարույթները մոտ ժամանակներում կավարտվեն: Սակայն Հայաստանում չկա դեպք, երբ 20 դրամով ներմուծված դիմակը վաճառված լինի 200 դրամով: «[url=https://armenpress.am/arm/news/1017737.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: «Երեք շուկաներում՝ դիմակի, ձեռնոցի, ալկոգելի, ուսումնասիրությունները շարունակվում են: Բժշկական կամ պաշտպանիչ դիմակների շուկայում և լատեքս ու նիտրի ձեռնոցների շուկայում ունենք հարուցված վարույթներ: Առաջին լսումը տեղի է ունեցել: Հիմա նորից տնտեսավարողները տեղեկատվություն են ներկայացնելու: Կարծում եմ՝ մոտ ժամանակներում վարույթի ավարտը տեղի կունենա և կհայտնենք»,-ասաց Գևորգյանը: ՏՄՊՊՀ-ն նկատել էր, որ գնի որոշակի բարձրացում կա: Եվ այդ բարձրացման հիման վրա գերիշխող դիրքի չարաշահման փաստի ուժով հարուցել են վարույթներ: Այն ժամանակահատվածը, որ ՏՄՄՊՀ-ն դիտարկել է, դիմակի գները եղել են 220 դրամի կարգի: Հանձնաժողովը դիտարկում է ողջ շղթան, թե Հայաստան որքանով է ներմուծվում, որքանով է մեծածախ և մանրածախ վաճառք իրականացվում: «Բայց մի բան հստակ կարող եմ փաստել, որ ՀՀ-ում չկա դեպք, երբ 20 դրամով դիմակ ներմուծված լինի և վաճառված լինի 200 դրամով: Այսինքն՝ հաշվի առնելով աշխարհում դիմակների դեֆիցիտը, Հայաստան ներկրվել է մոտ 10 անգամ բարձր գնով դիմակ, և դա ամբողջ աշխարհում: ԵԱՏՄ մյուս երկրներում նույն վիճակն է»,-ասաց Գևորգյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանում որոշակի քայլեր ձեռնարկելուց հետո գինը բավականին իջել է: Մետրոպոլիտենի կայարաններում ավտոմատ համակարգի ապարատների միջոցով 2 դիմակը վաճառվում է 200 դրամով: «Բայց անկախ ամեն ինչից, մենք անպայման կնայենք, կհասկանանք՝ արդյոք մարժաների փոփոխություն տեղի ունեցե՞լ է, թե ոչ, և արդյոք դրանք արդարացվա՞ծ են: Եթե գտնենք, որ տնտեսավարողները չարաշահել են իրենց դիրքը, անպայման պատասխանատվության կենթարկվեն»,-վստահեցրեց ՏՄՄՊՀ նախագահը:

Նմանատիպ նյութեր