211652_close_icon
views-count1020 դիտում article-date 23:30 04-06-2020

Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը և «Հալեպ» ՀԿ-ն արձագանքել են հայաստանյան բուհերի ուսանողների կրթաթոշակային կարիքներին

«Հալեպ» հայրենակացական բարեսիրական կազմակերպությունը («Հալեպ» ՀԿ)՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, կրթաթոշակներ տրամադրեց հայաստանյան բուհերում ուսանող 46 երիտասարդի: 2020թ. փետրվարին հայտարարված՝ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի կրթաթոշակի բաց մրցույթին ընդհանուր հաշվով դիմել էին 102 ուսանողներ, որոնցից 69-ը՝ ս.թ. գարնանային կիսամյակի ուսման վարձավճարի փոխահատուցման համար: Դիմորդների ընտրությունը կայացավ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի Գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանի, ծրագրի համակարգող Արաքս Մարտիրոսյանի, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի, ծրագրի ղեկավար Ռուբինա Դևրիկյանի և «Իմ քայլը» հիմնադրամի՝ Կրթական ծրագրերի համակարգող Արմեն Ներսեսյանի մասնակցությամբ: Պայմանավորված COVID-19-ի համաճարակով, հանձնաժողը քննարկումն իրականացրեց առցանց տարբերակով: Մանրամասնորեն ուսումնասիրվեցին յուրաքանչյուր դիմորդի ներկայացրած փաստաթղթերը՝ հաշվի առնելով կրթաթոշակների տրամադրման՝ծրագրով հաստատված չափանիշները, այն է՝ ակադեմիական բարձր առաջադիմությունը, հասարակական ակտիվությունն ու սոցիալական կարիքները: Հանձնաժողովի անդամների նկատառումների արդյունքում ընտրվեց 10 համալսարան ներկայացնող 46 ուսանող: Կրթաթոշակակիրները հանդիսանում են Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Իրանի և Լիբանանի քաղաքացիներ: Շնորհավորու՜մ ենք կրթաթոշակ ստացած ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ: «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը մեկնարկել է 2020թ. փետրվարի 1-ին՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է սիրիահայ, իրաքահայ և այլ փախստականների, ինչպես նաև տեղացի երիտասարդների կարողությունների զարգացումը, ուսանողական կրթաթոշակների տրամադրումը և մասնագիտական պրակտիկայի միջոցով՝ աշխատանքային փորձի ապահովումը:

Նմանատիպ նյութեր