211652_close_icon
views-count701 դիտում article-date 13:05 04-06-2020

Բանկերում լրիվ կառավարելի վիճակ է. 1-2 դեպք է մնացել. մի դեպքում պրովոկատիվ բան կար. Ջավադյան

Այսօր ամենամեծ պրոբլեմը առողջապահական չէ, այլ հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալ է. մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց, որ այսօր կրկին տեղեկություններ են ստացվում, որ բանկերում կանոնները չեն պահվում. «Խնդիր կա հերթերը կառավարել նաև բանկերի տարածքներից դուրս: Պարոն Ջավադյան, աշխատեք բանկերի հետ, որ այդ գործողությունները լինեն ոչ միայն տարածքի ներսում, այլև դրսում»,- ասաց վարչապետը՝ դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին: Վերջինս իր հերթին ասաց, որ երեկ արդեն բավականին լավ իրավիճակ էր. «Այսօր առավոտյան 2 ահազանգ ենք ստացել երկու մարզից և մեկն էլ Երևանի համայնքներից մեկից: Մեկում նույնիսկ մենք կասկածում էինք, որ պրովոկատիվ բան կա, կապվել ենք ոստիկանության հետ: Այդ հարցը հիմա լուծվում է: Մարզերում էլի խնդիրը կապված էր թոշակների և մեր սոցիալական ծրագրերի շահառուների հետ, որոնք դեռ չէին հասցրել իրենց գումարներն ստանալ: Իհարկե, աշխատանք տարվում է,. բայց էլի դիսցիպլինայի խնդիրը կա»,- ասաց Ջավադյանը: Նա նշեց, որ բանկերը որոշակի քայլեր են ձեռնարկում, այդ թվում դիմակներ են բաժանում, ժամերն են երկարացնում, փորձում են կարգավորել, որ հերթեր չլինեն, հորդորում են օգտվել օնլայն ծառայությունից. «Ես չեմ կարող ասել, որ անկառավարելի վիճակ է, լրիվ կառավարելի վիճակ է, 1-2 դեպք է մնացել: Մեր վերահսկողներն էլ այս պահին ծառայություն են իրականացնում, նաև բանկի ղեկավարությանն էլ հորդորել եմ, որ իրենք էլ եթե կա խնդիր նոր աշխատող են ուղարկում, նաև համագործակցում են ոստիկանության հետ, եթե դրա կարիքը կա: Այսօր արդեն իրավիճակն անհամեմատելի է երեկվա հետ»: Ինչ վերաբերում է «Հայփոստի» բաժանմունքներին, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ երեկ օրվա երկրորդ կեսին արդեն հերթերի առումով դրական տեղաշարժ է եղել: Նա տեղեկացրեց, որ այս ամիս ևս որոշում է կայացվել թոշակները առաքել թոշակառուների տները, որպեսզի հերթեր չլինեն: Նա տեղեկացրեց, որ այս պահին ԱԺ-ում է մի օրինագիծ, որը եթե ընդունվի, հաջորդ տարվա մայիսից կամ հունիսից կենսաթոշակների բաշխումը լինելու է բացառապես էլեկտրոնային տարբերակով:

Նմանատիպ նյութեր