6000 դիտում
15:46 02-06-2020
Վարչապետը հանձնարարել է խստագույնս վերահսկել պարետատան սահմանած կանոնների պահպանումը
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որը հեռավար ռեժիմով վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացելով նիստը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, չնայած կառավարության կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներին և պարետատան սահմանած կանոններին՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ դեպքերի ամենօրյա աճ է արձանագրվում: Առաջարկում եմ այսօրվա նիստում քննարկել հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը, ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը և վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ մեր հետագա գործողությունները»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկատվություն է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի վիճակագրության, ապաքինման և մահացության ցուցանիշների, պացիենտների առողջական վիճակի, անախտանիշ դեպքերի մեկուսացման նկատմամբ առողջության առաջնային պահպանման օղակի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքների վերաբերյալ: Նախարարն անդրադարձել է վարակի տարածման դինամիկային և դրան համահունչ՝ առողջապահական համակարգի կարողությունների ավելացման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Ապա վարչապետին զեկուցվել է պարետատան սահմանած կանոնների պահպանման ուղղությամբ ձեռնարկվող վերահսկողական միջոցառումների և դրանց արդյունքում՝ հանրության վարքագծի փոփոխությունների, պաշտպանիչ միջոցների կիրառման հետ կապված իրավիճակի մասին: Անդրադարձ է եղել առանձին վարչական շրջաններում իրականացվող «ռեյդերի» արդյունավետությանը, տեսչական մարմինների և ոստիկանության կանխարգելիչ գործողություններին: Քննարկվել են առավել ռիսկային ոլորտներում կանխարգելիչ կանոնների պահպանման հետ կապված իրավիճակը, արձանագրված խախտումների դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները: Նշվել է, որ չնայած սահմանափակումներին՝ երկրում արձանագրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման դեպքեր, որոնք ևս բացասական ազդեցություն են ունենում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վրա:
Հետագա անելիքների շուրջ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են մի շարք դիտարկումներ, որոնցում գերակշիռ է եղել վերահսկողության միջոցառումների առավելագույնս խստացման առաջարկը:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է. «Մենք առաջ ենք գնում կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության խստացման տրամաբանությամբ: Լրջագույն աշխատանք պետք է իրականացվի՝ պարետատան սահմանած կանոնների պահպանման կարգապահության բարձրացման և զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպման կանխարգելման ուղղություններով»:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին՝ ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը, զանգվածային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը և դրանց ընթացքի ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել իրեն:
Նմանատիպ նյութեր
949 դիտում
23:41 01-03-2023
Պաշտպանության նախարարը հանձնարարել է խստագույնս հետևել անվտանգության կանոնների պահպանմանը և կարգապահությանը
Այս բաժնից
541 դիտում
13:48 22-11-2024
Պահպանողական կուսակցությունը վերստին կոչ է անում ՀՀ ԱԺ-ին ճանաչել և դատապարտել Հոլոդոմորը
409 դիտում
13:32 22-11-2024
Մայր Տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն
550 դիտում
13:17 22-11-2024
Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտներ այցելել են Ազգային ժողով