211652_close_icon
views-count2481 դիտում article-date 15:35 02-06-2020

Լիբանանում գործող «Թռչնոց բույն» որբանոց-վարժարանի սաներին փոխանցվել է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցություն-նվերը

Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած միջոցառմանը «Թռչնոց բույն» որբանոց-վարժարանի սաներին փոխանցվել է «Իմ քայլը» հիմնադրամի հատկացրած աջակցություն-նվերը: Ինչպես հայտնեցին «Իմ քայլը» հիմնադրանից, այս առանձնահատուկ մանկատունը գործում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո։ Դեռ մայիս ամսին, ի պատասխան Լիբանանում ՀՀ դեսպան պարոն Աթաբեկյանի խնդրանքի՝ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը պատրաստակամություն էր հայտնել աջակցություն հատկացնել համայնքին: «Թռչնոց բույն» որբանոցը ստեղծվել է հայ ժողովրդի համար օրհասական պայմաններում և որդեգրել է հայապահպան եզակի առաքելություն խիստ դժվարին աշխարհաքաղաքական իրադարձություններում: Եթե այսօր եղբայրական Լիբանանում հայ համայնքն ունի Հայրենիքի կարիքը, մեր լիազորությունների սահմաններում կանենք հնարավորը նրանց աջակցելու համար», - ավելի վաղ դեսպանին ուղղված նամակում նշել էր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և Հիմնադրամի բարեմաղթանքներն էր հղել ինչպես հայ համայնքին, այնպես էլ՝ եղբայրական Լիբանանի ողջ ժողովրդին: Նույն օրը՝ հունիսի 1-ին, տեղի ունեցած մեկ այլ միջոցառման շրջանակներում պարոն Աթաբեկյանը ‹‹Զվարթնոց›› կենտրոնի հատուկ խնամքի կարիք ունեցող մանուկներին և պատանիներին նույնպես հատկացրեց «Իմ քայլը» հիմնադրամի տրամադրած աջակցությունը: «Լիբանանի երիտասարդության հարցերով նախարար, «Զվարթնոց» կենտրոնի տնօրեն Վարդինե Օհանյան-Գևորգյանը մեծապես կարևորեց Մայր Հայրենիքի ցուցաբերված այս խորհրդանշական քայլը՝ իբրև համահայկականության գաղափարի օրինակելի դրսևորում։ Նա կենտրոնի վարչության երախտագիտությունը փոխանցեց «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին՝ ի դեմս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի: «Իմ քայլը» հիմնադրամը լիահույս է, որ Լիբանանում ստեղծված իրավիճակը շուտափույթ կկարգավորվի և կյանքը ինչպես հայկական համայնքի, այնպես էլ՝ եղբայրական Լիբանանի ողջ ժողովրդի համար կվերադառնա բնականոն հուն: Ցանկանում ենք, որպեսզի աշխարհի մանուկներն ապրեն խաղաղ ու պաշտպանված»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: [img]https://st0.shamshyan.com/editor/0109294001591083417192500.jpg[/img]

Նմանատիպ նյութեր