211652_close_icon
views-count753 դիտում article-date 14:28 29-05-2020

«Ինձ համար այս սցենարը պարզ էր». Քաշաթաղի նախկին ղեկավարի պարզաբանումը՝ Արցախի նախագահի կողմից իրեն աշխատանքից ազատելու մասին

Արցախի Քաշաթաղ շրջանի նախկին ղեկավար Ստեփան Սարգսյանը մարզաբանում է տարածել՝ կապված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից իրեն պաշտոնից ազատելու հետ: Նրա տարածած հայտարարությունում ասվում է. «Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել Քաշաթաղի շրջանի ղեկավար Ստեփան Սարգսյանին պաշտոնից ազատելու մասին՝ պատրվակ բերելով վերջինիս կողմից հակահրդեհային միջոցառումների ձախողումը։ Ս․ Սարգսյանը դա համարել է «սոսկ պատրվակ» իրեն պաշտոնից ազատելու համար։ Սիրելի՛ քաշաթաղցիներ, • Այսօր շատերիդ պես սույն հղման տակ գտնվող տեսանյութից տեղեկացել եմ, որ ազատվել եմ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից։ • Այս գրառմամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք հավատացել են իրապե՛ս նոր Քաշաթաղի իմ առաջարկած տեսլականին եւ ինձ հետ՝ որպես մեկ թիմ, աշխատել ու չարչարվել են հանուն դրա իրականացման։ Այս պահին նպատակահարմար չեմ կարծում մանրամասն թվարկելը, թե միասին ինչ աշխատանքներ ենք կատարել մեր տեսլականի ճանապարհին․ մեր շրջանը փոքր է, իմ պաշտոնեական ու արտապաշտոնեական շփումներն էլ եղել են շատ անմիջական, ուստի իրականացված աշխատանքների մասին պատկերացում կազմելու հնարավորություն ունեցել է ձեզնից յուրաքանչյուրը։ • Պաշտոնավարելուս ընթացքում քանիցս ասել եմ, որ Քաշաթաղի ու առհասարակ հայոց հայրենիքի համար աշխատանքն ինձ համար երբեք պայմանավորված չի եղել պաշտոնի առկայությամբ, ինչպես նախորդ եւ ներկա սերունդների շատ ու շատ «քաղաքական առեւտրականների» դեպքում։ Ասելուց զատ՝ ես սա ապացուցել եմ նախքան պաշտոնավարումս իմ գործունեությամբ եւ կապացուցեմ նաեւ պաշտոնավարումիցս հետո իմ առաքելությամբ։ Հանուն մեր շրջանի իմ հասարակական գործունեությունը շարունակվելու է, ինքս լինելու եմ Բերձորում՝ ձեր կողքին։ Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ ամեն ջանք թափելու եմ, որ կյանքի կոչվի քաշաթաղյան իմ նախագիծ-հոգեզավակներից մեկը՝ գյուղատնտեսական քոլեջի հիմնումը՝ հաշվի առնելով, որ Բերձորում վերջինիս կառուցման գաղափարը բացառապես պայմանավորված էր իմ անձով։ • Քանի որ շատ եմ հարցեր ստանում նաեւ բուն պաշտոնանկությանս, դրա պատճառների եւ դրսեւորման ձեւի մասին, հստակորեն ուզում եմ ասել, որ Քաշաթաղի, նրա բնակիչների հանդեպ սերը եւ ՀՀ-ում ու ԱՄՆ-ում ապրած եւ աշխատածս տարիներին ձեռք բերած միջմշակութային փորձառությունս թույլ են տալիս ներողամիտ ժպիտով վերաբերվել այդ ամենին։ Հակահրդեհային միջոցառումների «ձախողումը» սոսկ պատրվակ էր ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ Սա պարզ է յուրաքանչյուրիս համար, սա ապացուցելուն պատրաստ եմ ցանկացած հարթակում ու ձեւաչափով՝ մանավանադ այլեւս չունենալով պաշտոնի բերմամբ առկա էթիկական սահմանափակումները։ • Պա՞րզ էր արդյոք ինձ համար այս սցենարը։ Անշուշտ, այո՛։ Անկեղծ կլինեմ ձեզ հետ, որ ունեցել եմ սրտացավ խորհրդատուներ, որ հորդորել են ինքս առաջինը հեռանալ պաշտոնից։ Ես դա չեմ արել, որովհետեւ էությամբ դասալիք չեմ, իմ հանդեպ ցուցաբերված ժողովրդական վստահությունը մանրադրամի վերածող «քաղաքական առեւտրական» չեմ։ • Եվս մեկ անգամ ցանկանում եմ հավատացնել բոլորիդ, որ ըստ անհրաժեշտության՝ շարունակելու եմ լինել յուրաքանչյուր քաշաթաղցու կողքին՝ ի պաշտպանություն ձեր հասարակական, տնտեսական եւ քաղաքական իրավունքների։ Փոքր-ինչ ձեւափոխելով մի հայտնի հրաժարականի տեքստ՝ կարող եմ ասել, որ արտասովոր ոչինչ տեղի չի ունեցել, կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Քաշաթաղի համար… #ՈւժեղՔաշաթաղ #StrongKashatagh»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր