211652_close_icon
views-count2153 դիտում article-date 10:33 29-05-2020

Փաստահավաք նոր խումբը պետք է գնահատական տա 1991-2018 թվականներին կատարված խախտումներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարարությունն իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել Փաստահավաք խմբի ձևավորման հարցը, որը պետք է գնահատական տա անցյալում կատարված խախտումներին՝ 1991-ից մինչև 2018 թվականների ընդգրկումով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այս կայքում նախագծի հրապարակումը՝ 2019 թվականի վերջին, արդեն նման հանրային քննարկում է եղել նախագիծը կազմելու շուրջ, որին մասնակցել են ներկայացուցիչներ Արդարադատության նախարարությունից, փորձագետներ, օրենսդիր մարմնից ներկայացուցիչներ: Եվ, մեր տեղեկություններով, ներկաներն այնքան էլ ոգևորված չեն եղել այս խմբի ստեղծումով՝ այն համարելով նաև ավելորդ ֆինանսական բեռ և ծանրաբեռնվածություն: Բանն այն է, որ այս հանձնաժողովն ունենալու է առանձին բյուջե՝ արտացոլված պետական բյուջեի նախագծում: Տեղեկացանք, որ քննարկումը կազմակերպվել էր դեկտեմբերին՝ փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ, իսկ ընդդիմադիր խմբակցություններից ներկա են եղել Անի Սամսոնյանն ու Գևորգ Պետրոսյանը: Սակայն ուշագրավ է, որ իշխող խմբակցությունից ոչ ոք ներկա չի եղել քննարկմանը: Իշխանությունն այս փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը: Ուսումնասիրության առարկա, ըստ նախագծի, կդառնան ընտրություններն ու հանրաքվեները կեղծելու, ընտրակաշառք բաժանելու դեպքերը, քաղաքական հետընտրական հետապնդումները, ունեզրկման դեպքերը, այդ թվում՝ հանրության գերակա շահի անվան տակ կազմակերպված, նաև ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։ Նախագծով հանձնաժողովը պետք է ձևավորված լինի 2021-ի սկզբին, գործողության ժամկետը երկու տարի է, խիստ անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով: Հանձնաժողովն ունենալու է 9 անդամ, որոնք ընտրվելու են Ազգային ժողովի կողմից։ Հանձնաժողովի 9 անդամներից երեքի թեկնածությունը առաջարկելու են կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և Մարդու իրավունքների պաշտպանը։ Իսկ մնացած վեց թեկնածուներին ներկայացնելու են Ազգային ժողովի խմբակցությունները։ Բայց այստեղ մի հետաքրքիր մեխանիզմ կա. յուրաքանչյուր խմբակցություն, բացի իր թեկնածուին ներկայացնելուց, ներկայացնում է նաև հասարակական կազմակերպություններից մեկական ներկայացուցչի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր