211652_close_icon
views-count1026 դիտում article-date 10:22 29-05-2020

Ամեն ինչ կախված է մեկ մարդուց․ ավտորիտարիզմի կարևոր դրսևորումները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «2018 թվականին կայացած ընտրություններն ազատ էին ու արդար, և խորհրդարանում մեծամասնությունը, իսկ այնուհետև՝ կառավարությունը, միանգամայն լեգիտիմ են: Արդյոք դա բավարա՞ր է ժողովրդավարական պետություն լինելու համար: Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ՝ ոչ, բավարար չէ. լեգիտիմ իշխանության պայմաններում երկիրը կարող է լինել նույնքան ավտորիտար, որքան ավտորիտար էր կեղծված ընտրությունների պայմաններում: Ժողովրդավարության կամ ավտորիտարիզմի մակարդակը կախված է շատ բաներից, բայց կարևոր «թեսթերից» մեկը հետևյալն է՝ արդյոք ամեն ինչ որոշվում է մեկ մարդո՞ւ կողմից, և արդյոք այդ որոշումներն ընդունող ինստիտուտն ունի՞ բավարար չափով հակակշռող մեխանիզմներ: Հիշենք. 1992-93 թվականի դժնդակ ձմեռ, մի քանի տասնյակ մարդ կանգնած է «բարեգործական» վառելիքի հերթում: Ի՞նչ էին այդ մարդիկ խոսում: Լավագույն դեպքում՝ «վայ, Լևոն, էս ի՞նչ ես անում էս ժողովրդի գլխին»: Վատագույն դեպքում՝ այնպիսի բաներ, որոնք հրապարակման ենթակա չեն: Ինչո՞ւ էին մարդիկ այդպես խոսում: Շատ պարզ. նրանք վստահ էին, որ մեր պետության մեջ ամեն ինչ որոշում է առաջին դեմքը, և, ի վերջո, իրենց տառապանքների պատճառը փնտրում էին նրա մեջ: Հիմա գանք 2010-ական թվականներ. ոստիկանական բաժնում խոշտանգում են կասկածյալին: Ի՞նչ էին գրում ֆեյսբուքյան ակտիվիստները: Լավագույն դեպքում՝ «տեսնո՞ւմ եք, թե ինչեր են անում Սերժի մենթերը»: Դարձյալ հասկանալի է, թե ինչու էին մարդիկ այդպես գրում. նրանք գիտեին, որ ոստիկանապետին նշանակում է հանրապետության նախագահը, և առանց առաջին դեմքի հետ համաձայնեցնելու ոստիկանապետը ոչ մի «միլպետ» չի նշանակի: Դրանք ավտորիտարիզմի կարևոր դրսևորումներն են` երբ ամեն ինչ կախված է մեկ մարդուց: 1995-ին ԱԺ «Հանրապետություն» դաշինքի ցուցակը հաստատում էր Տեր-Պետրոսյանը, հետագա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ԲՀԿ-ինը՝ Քոչարյանը, այնուհետև ՀՀԿ-ինը՝ Սարգսյանը: Հիմա խորհրդարանում մեծամասնություն են կազմում մարդիկ, որոնց ցուցակը կազմել է Փաշինյանը: Նրանք հայտնվել են խորհրդարանում ոչ թե այն պատճառով, որ ընտրողներն իրենց հավանել են, այլ՝ որովհետև նրանց ցուցակագրել է ժողովրդականություն վայելող առաջնորդը: Դա վատ է ժողովրդավարության տեսանկյունից, որովհետև գործադիր իշխանությանը ոչ մի հակակշիռ չկա: Դա վատ է նաև Փաշինյանի համար, որովհետև այժմ կորոնավիրուսի ահագնացող թվերի համար քաղաքացիներն, ի վերջո, պատասխանատու են համարում հենց իրեն: Բանն այն է, որ եթե իրավիճակի համար, ենթադրենք, պատասխանատու են պարետը կամ առողջապահության նախարարը, ապա խորհրդարանը նրանց գործնականում չի կարողանա պաշտոնանկ անել, եթե Փաշինյանը չցանկանա: Իսկ եթե ցանկանա և պաշտոնանկ անի, ապա հաջորդ պարետի և հաջորդ նախարարի հնարավոր սխալների համար, միևնույն է, պատասխանատու է լինելու միմիայն վարչապետը: Այդպիսին է ավտորիտար կառավարման մեխանիզմը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր