211652_close_icon
views-count16529 դիտում article-date 12:48 28-05-2020

Պահպանե՛ք և վայելե՛ք Սարդարապատ հուշահամալիրը. Մուրադ Կիրակոսյան

1998.թ գարնանն ինձ մոտ եկավ Սարդարապատի թանգարանի տնօրենը: Քսան լիտր դիզելային վառելիք էր ուզում թանգարանի տարածքի աղբահանության նպատակով: Հարցրեցի թե ինչ վիճակում է համալիրը, դժգոհեց: Գյուղացիները ծառերը կտրել են, անասուններին համալիրի տարածքում են արածեցնում, մի խոսքով համալիր չկա: Առաջարկեցի միասին գնանք Սարդարապատի հուշահամալիր: Պատանեկությանս տարիներին հաճախ էինք ընկերներով գնում Սարդարապատ՝ լողավազանում լողալու, այն ժամանակ հրաշալի այգի կար տարածքում, գեղեցիկ ծառեր, ծաղիկներ: Երբ մոտեցանք համալիրին՝ սարսափեցի, կարծես պատանեկությունս ջնջվել էր: Ծայրից ծայր ամայի մի տարածք՝ երևում էր իմ սիրած լողավազանը: Լողավազան չկար, պարզապես փոս էր դարձել, այնպես կատաղեցի, անգամ տնօրենին անձնական վիրավորանք հասցրեցի համալիրը չպաշտպանելու համար: Առաջարկեցի շաբաթօրյակ անել ուսումնական բրիգադայի զինվորների մասնակցությամբ: Շաբաթ օրը առավոտյան տողանիի ժամանակ զինվորներիս տեղեկացրի համալիրի վիճակի մասին: Քանի որ Ուսումնական Բրիգադայի զինվորների հիմնական մասն ունեին բարձրագույն կրթություն, տեղեկացված էին Սարդարապատի հերոսամարտի պատմությունից, գիտեին Սարդարապատի դերն ու նշանակությունը այդ պատճառով էլ մեծ աղմուկ բարձրացրին : Երկուհարյուր հիսուն զինվորներով գնացինք Սարդարապատի հուշահամալիր: Զինվորներիս ցավը տանեմ, սրտանց, հոգատար ու ջանասիրաբար աշխատում էին, մի խոսքով գլուխ պահող չկար: Իմ տեղակալն Ալեքսանյան Ալիկն էր, ռադիոկապով կապնվեց ինձ հետ և ասաց, որ գեներալ Մուրազ Սարգսյանն է եկել Բրիգադա և բարկացել է, որ ամբողջ մի գումարտակ տեղում չէ: Հրամայել էր, որ գումարտակն իսկույն վերադառնա Բրիգադա և շարունակի ուսումնական պրոցեսը: Ես հրաման կատարող զինվորական եմ, բայց քանի որ զինվրներս ջանասիրաբար աշխատում էին պատմությունը վերապրեցնել, միմյանց պատնում էին հերոսամարտից դրվագներ, մի խոսքով զորքս շատ ոգևորված էր, ու ես գեներալի հրամանը չկատարեցի: Ավելին՝ Ալեքսանյան Ալիկին հրամայեցի մի գումարտակ ևս ուղարկել համալիր: Մեկ ժամից համալիրի տարածքում հինգհարյուր զինվոր էր աշխատում, հուշահամալիրի տարածքում էր նաև Բրիգադայի սպայական անձնակազմի գրեթե կեսը: Հաջորդ օրը իմացանք, որ իմ «ապօրենության» մասին զեկուցել են նախարար Վազգեն Սարգսյանին: Սպայական անձնակազմը փորձում էր գուշակել թե ինչպիսի պատժամիջոց կկիրառեն իմ նկատմամբ՝ նկատողություն, թե խիստ նկատողություն, անգամ պաշտոնի ոչ համապատասխանություն, մի խոսքով բանը բուրդ էր: Երեքշաբթի օրը, անսպասել, Վազգեն Սարգսյանը հայտնվեց Ուսումնական Բրիգադայում: Ողջյունս ընդունեց շատ սառը: Անտրամադիր Էր, ջղաձիկ, լուռ շրջեց ամբողջ տարածքով, մտավ լսարաններ, ստուգեց մի քանի զինվորների տետրեր ու դուրս եկավ: Նույն լռությամբ քայլերն ուղղեց դեպի ՀԱԿ, որտեղ կանգնած էր իր մեքենան : Ես հասկանում էի, որ նրա տրամադրության անկման պատճառը Ես էի, քանի որ չէի կատարել գեներալի հրամանը: Արդեն օրվա երկրորդ կեսն էր, առաջարկեցի ճաշել, պատասխանը կտրուկ եր` ոչ: Մոտեցանք մեքենային, իր արագ խոսակցականով հարցրեց - Սարտարապատի հուշահամալիրը ի՞նչ վիճակում է,ասացի շատ վատ, -նստիր մեքենան գնանք: Նույն լռությամբ շրջեց հուշահամալիրի տարածքով, մտավ թանգարան, հետևում էր պատերի թափված ծեփոններին, որոնք թափվել էին անձրևաջրերից, աշխատակիցներին մի քանի հարցեր տվեց էքսպոնատների վիճակի վերաբերյալ: Պատասխանները լսելուց Վազգենի դեմքն այլայլվում եր, ծնոտն առաջ եր գնում: Շրջվեց իմ կողմ, չգիտեմ ինչ տոնայնությամբ՝ խեղճացած ասեմ, հուսահատված թե անօգնական հայացքով ասաց՝ ծխախոտ տուր: Հենվեց թանգարանում որպես էկսպոնանտ կանգնած սայլակին և սկսեց ծխել: Աշխատակիցներից մեկը վազքով թթվասերի մի դատարկ տարա բերեց՝ որպես մոխրաման: Վազգենը տեսնելով այդ տարան, սթափվեց՝ վայ կներեք այստեղ չեր կարելի ծխել, ասաց և արագ քայլերով դուրս եկանք թանգարանից: Տարածքում հայացքով աղբաման էր փնտրում, որպեսզի գծեր ծխախոտի մնացորդը՝ չգտավ, ասաց լավ, ես գնացի և արագ մոտեցավ մեքենային: Ես հասկացա, որ ուզում էր օգտվել մեքենայի մոխրամանից և չսխալվեցի, ծխախոտի մնացորդը հանգցրեց մեքենայի մոխրամանի մեջ, ասաց «հաջող» և փակեց մեքենայի դուռը: Մեկ անգամ ևս առաջարկեցի ճաշել՝ - ես ժամանակ չունեմ, քշի Մոսո: Երկու օր անց առավոտյան զանգեց, հանձնարարեց, որ ժաը 11-ին լինեմ Սարդարապատ հուշահամալիրի թանգարանի մոտ: Նշված ժամին ես տեղում էի: Մեզ մոտեցավ մի մեքենա, որը Վազգենի մեքենան չէր, մեքենայից իջավ Ներքին Գործերի և Ազգային Անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա հետ էր Ալեքսան Կիրակոսյանը, առաջարկեցի մտնել թանգարան, Սերժն ասաց ՝ -սպասենք Վազգենին: Քիչ անց եկավ նաև Վազգենը, նրա հետ էին Հրանտ Ոսկանյանը և Վլադիմիր Դարբինյանը: Շրջեցինք տարածքով, այնուհետև մտանք թանգարան: Բավականին շրջելուց հետո Վլադիմիր Դարբինյանը Վազգենին ասաց - դու ճիշտ էիր, իրոք անմխիթար վիճակ է: Երբ բարձրանում էինք երկրորդ հարկ, աստիճանների մոտ Վազգենն ականջիս շշուկով ասաց - սեղան գցեք: Մոտ երկու ժամ հետո մտանք հուշահամալիրում գտնվող ռեստորան, որտեղ սեղանն արդեն պատրաստ էր: Ես սասունցի եմ, իմ հայրը՝ Խաչիկ Կիրակոսյանն ուտող-խմող մարդ էր, լավ կենացներ էր ասում, հաճախ էր շեշտում, որ հայկական սեղանը հարուստ է իր բաժակաճառերով, մի խոսքով , տեղյակ եմ և՛ կենացներից, և՛ կենացների հերթականությունից, ինչպես նաև տեղյակ եմ նաև Վազգենի կենացների հերթականությունից: Վազգենը բաժակը ձեռքին ոտքի կանգնեց, ո՛չ բարով տեսանք, ո՛չ բարի ախերժակ, ո՛չ ժողովուրդի կենացը, ո՛չ ծնողների կենաց, մի խոսքով, ասաց՝ -պարոնայք կոմունիստներ, ես ձեզանից ներեղություն եմ խնդրում, դուք ձեր իշխանության տարիներին կառուցել եք՝ մենք չենք պահպանել, կներե՛ք, հիմա ես խնդրում եմ, օգնեք ձեր խորհուրդներով, որպեսզի վերականգնենք հուշահամալիրը Ռաֆայել Իսրայելյանի նախագծերի համապատասխան: Շատ հուզված ու ոգևորված էին երեք «կոմունիստ» ընկերները: Հաջորդ օրը մի քանի խումբ մասնագետներ եկան համալիր, և՛ շինարարներ, և՛ գյուղատնտեսներ, անգամ «դենդրոլոգ»(բուսաբան): Վազգենը հանձնարարեց, որպեսզի շաբաթը երկու անգամ խորհրդակցություն անենք աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և արագ ավարտելու համար, քանի որ ցանկանում էր մայիսի 28-ին բացումն աներ և Զինվորական շքերթ անցկացներ: Մասնագետների հաշված գումարի չափը շատ մեծ էր: Վազգենը մտահոգվեց: Ես առաջարկեցի բանվորների փոխարեն զինվորներ աշխատեն, որպեսզի գումարի չափը նվազի, իսկ Սերժն իր ֆինանսական աջակցությունն առաջարկեց , նշված թիվը Վազգենին գոհացրեց : 1998թ մայիսի 28-ին Սարտարապատ հուշահամալիրի մուտքի դիմաց եղավ Զինվորական շքերթ, շքերթի հրամանատարն Ես էի` գնդապետ Մուրադ Կիրակոսյանս: Այնուհետև տեղի ունեցավ Սարդարապատ հուշահամալիրի բացման արարողությունը, բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Պաշտպանության Նախարար` Սպարապետ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Իսկ այժմ, սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս հանրապետության օրվա կապակցությամբ: Պահպանե՛ք և վայելե՛ք Սարդարապատ հուշամհամալիրը: [b]Մուրադ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր