211652_close_icon
views-count4447 դիտում article-date 09:46 28-05-2020

Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ: Մայիսյան մեր հաղթանակները փառաբանող պետական տոների մեջ այս օրը հայ ժողովրդի համար ուրույն նշանակություն և առանձնակի խորհուրդ ունի: 1918 թվականին Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում թուրքական կանոնավոր բանակի դեմ անհավասար ուժերով պայքարի ելած մեր ժողովուրդը` զինվորականից մինչև շինական, մտավորական ու հոգևորական, կենաց-մահու կռիվ տվեց և կասեցրեց թուրք զավթիչների առաջխաղացումը: Մայիսյան հերոսամարտերի օրերին Մայր տաճարի անընդմեջ ղողանջող զանգերն անգամ որպես մարտակոչ էին հնչում և համազգային մաքառման ու պայքարի կոչում հավատավոր զավակներին: Դա գոյապայքար էր, որտեղ հայ ժողովուրդը կարող էր ապավինել միայն սեփական ուժերին: Եվ սա մեր պատմության կարևորագույն դասերից մեկն է: «Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում` շոշափելի օգնություն հասցնելու մտքով: Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին` թե՛ ճակատը պաշտպանելիս, թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»,-մայիսյան հերոսամարտերից ընդամենը ամիսներ առաջ թուրքական ներխուժման վտանգը գիտակցելով՝ գրում էր մեր պատմության ամենապայծառ դեմքերից և Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկը՝ Արամ Մանուկյանը: Պատմությունը հերթական անգամ մեզ սովորեցնում է առաջին հերթին ապավինել սեփական ուժերին և երկրի ներսում անխոհեմաբար չջլատել ուժերը, երկպառակություն չսերմանել ու բաժանարար գծեր չանցկացնել, ապաշնորհ կառավարմամբ չթուլացնել ազգային դիմադրողականությունը, հատկապես, երբ հակառակորդն այսօր էլ ցինիկաբար խեղաթյուրում է պատմությունը և ափսոսում, որ ավարտին չի հասցրել մեկ դար առաջ սկսածը: Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է: Այդ դասերից մեկն էլ հերոսներին ժամանակին գնահատելն է, հակառակ պարագայում` ժողովուրդները նոր փորձությունների են ենթարկվում, որոնք կարող են ճակատագրական լինել: 1918-ի մայիսյան հերոսամարտերն առաջնորդած և փայլուն հաղթանակներ տարած մի շարք զորահրամանատարներ ու ռազմական գործիչներ`Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Գարեգին Նժդեհը և բազում երախտավոր հրամանատարներ ու սպաներ հեղափոխությունից հետո հռչակվեցին ազգի դավաճաններ, հալածվեցին սեփական երկրի իշխանությունների կողմից, գնդակահարվեցին կամ իրենց կյանքի վերջին տարիներն անցկացրին բանտերում ու աքսորներում: Անշուշտ, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում. այսօր սերունդները կրթվում են նաև մայիսյան հաղթանակների այդ հերոսների օրինակով, պետական տոներին նրանց անունները փառաբանվում և օրհնվում են, սակայն կյանքի օրոք նրանց արժանին չմատուցվեց, և դա հերթական ու մեծագույն սխալն էր: Հույսը չպետք է դնել միայն ամենաարդար ժամանակի վրա: Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները: Մոտ մեկ դար առաջ մայիսյան այս օրերին հայ ժողովուրդը ոչ միայն փրկվեց բնաջնջումից, այլև իր պատմական հայրենիքի մի փոքր հատվածում վերականգնեց անկախ պետականությունը: Դրանից ընդամենը երեք տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ենթարկված, իր պատմության ընթացքում բազում անմարդկային զրկանքներ ու տառապանքներ տեսած մեր ժողովուրդը վերահաստատեց ապրելու կամքը և հազարամյակների իր պատմության ընթացքում մի քանի հարյուրամյակ պետականության կորստից հետո Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմամբ, ըստ էության, ազդարարեց, որ կանոնավոր բանակ, կազմակերպված պետական կառույցներ, համախմբվածություն և պայքարելու ոգի ունեցող ժողովրդին այլևս ոչ ոք ցեղասպանությամբ չի սպառնա: Մայիսյան հաղթանակները, անկասկած, հնարավոր դարձան հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված նվիրյալների հերոսական պայքարի, Հայաստանի փրկության և ապագայի նկատմամբ նրանց մեծ հավատի ու ազգային համախմբվածության արդյունքում: Պատմության ևս մեկ դժվարին շրջափուլում հազարամյակների իր երթը անկասելի դարձրած հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և արարելու իրավունքը: Պատերազմից հյուծված, բազմաթիվ խնդիրներ ունեցող նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ընդամենը մեկ տարի հետո` 1919 թվականի մայիսին, նախարարների խորհուրդը որոշում կայացրեց մայրաքաղաք Երևանում համալսարան հիմնելու մասին: Մի՞թե սա չի բնորոշում մեր ժողովրդին: Հավերժ փա՛ռք հայոց անկախ պետականությունը վերականգնողներին, Առաջին Հանրապետությունը անձնվիրաբար կայացրած ազգային-պետական գործիչներին: Արժանի լինենք մեր հերոս նախնիների սխրանքներին և անմահ հիշատակին: Կրկին շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք, պետության քաղաքացուն հարիր պատասխանատվություն, ազգային բարձր գիտակցություն և նվիրվածություն մեր համազգային նպատակներին: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Փա՛ռք հայ ժողովրդին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր