211652_close_icon
views-count1271 դիտում article-date 00:48 28-05-2020

Եվս մեկ անգամ շնորհավորելով մայիսյան հաղթանակների կապակցությամբ՝ մարդկային պարզ երջանկություն և առողջություն եմ մաղթում բոլորիս.Սեյրան Օհանյան

Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառահեղ հաղթանակների՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի, Արևելյան Հայաստանի ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հռչակման օրվա կապակցությամբ և խոնարհվում հմուտ զորականների, քաջ հայորդիների, ամբողջ ժողովրդի միասնական հերոսության առջև։ Այսօր հայկական երկու պետությունների համար լրջագույն մարտահրավերներից է Արցախի անվտանգության, անկախության հարցը, և այդ խնդրի արդարացի լուծման ճանապարհին կարևորագույն նվաճում եմ համարում ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ միջազգային բարձր նորմերին համապատասխան, միմյանց նկատմամբ հարգանքի, հանդուրժողականության մթնոլորտում անցկացված, ազգային ժողովի և նախագահական հերթական ընտրությունները։ Ըստ էության, իշխանության խաղաղ, գեղեցիկ փոխանցմամբ, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի անձնական նախաձեռնությամբ՝ իշխանական և ընդդիմադիր տարբեր թևերի միջև քաղաքակիրթ երկխոսությամբ և համագործակցությամբ, համերաշխության մթնոլորտը պահպանելով և միասնական ջանքերով կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում մարդասիրական ծրագրերի, բարեփոխումների իրականացմամբ, ժողովրդագրական խնդիրների հնարավորինս լուծման պատրաստակամությամբ՝ Արցախը հերթական անգամ ժողովրդավարության ու համախմբվածության օրինակ դարձավ և ապացուցեց, որ ի զորու է պաշտպանելու իր իսկ կողմից նվաճած ինքնիշխանությունը, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հետ միասնական լինելու կամքն ու իրավունքը։ Ի սրտե մաղթում եմ, որ նորանկախ Հայաստանի և Արցախի երեսնամյա պատմությունը կերտած քաղաքական ուժերը, կուսակցությունները, ռազմաքաղաքական, հասարակական գործիչները, անհատները խելամիտ և պատվասիրությամբ շարունակեն Հայրենիքին ծառայելու խիզախություն դրսևորել, իմաստություն՝ բանավիճելիս միմյանց չնսեմացնելու, բարեվարքության մշակույթը պահպանելու (․․․քանզի մեր պառակտմամբ զվարճացող, մեր անկմանը սպասող դարավոր հակառակորդներ ունենք)․ համազգային համերաշխությամբ, միմյանց նկատմամբ վստահության և փոխօգնության մթնոլորտում շարունակենք ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ու արժանապատիվ, բարեկեցիկ ապագան։ Եվս մեկ անգամ շնորհավորելով մայիսյան հաղթանակների կապակցությամբ՝ մարդկային պարզ երջանկություն և առողջություն եմ մաղթում բոլորիս։ Խաղաղ ծառայություն Հայկական բանակի ողջ անձնակազմին, որ գիշեր ու զօր հիրավի հերոսական ծառայություն է իրականացնում՝ մշտապես պատրաստ պատվով դիմակայելու, արժանի հակահարված տալու մարտահրավերներին։ Եվ թող ապագայում մեր հաղթանակները լինեն դիվանագիտության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում։

Նմանատիպ նյութեր