211652_close_icon
views-count4192 դիտում article-date 20:32 27-05-2020

Բաց նամակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

[b]ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին[/b] Մեծարգո պարոն վարչապետ, բազմիցս լսել եմ ամենաբարձր ամբիոններում արված Ձեր այն արտահայտությունը, թե Հայաստանում գիտությունը տարիներ շարունակ մատնվել է հանցավոր անտարբերության և ժամանակն է փոխել ժողովրդի և կառավարության մոտեցումը գիտության ու գիտնականների նկատմամբ։ Հաշվի առնելով վերոնշյալը, ինպես նաև Հայաստանի Հանրապետությանը և համաշխարհային առողջապահությանը մարտահրավեր նետած Covid-2019 պանդեմիայի առկայությունը, Ձեզ եմ ներկայացնում հայ գիտնականի կողմից սինթեզված «Վոմիֆալ» պայմանական անվամբ պատրաստուկը։ Տվյալ պատրաստուկը սինթեզվել է քիմիկոս Ֆերդինանդ Վաղարշակի Միրզոյանի կողմից, ով հանդիսանում էր անալիտիկ քիմիայի համաշխարհային առաջատարներից։ Ֆերդինանդ Միրզոյանը իր կյանքը նվիրել է գիտությանը՝ իր ահռելի ներդրումն ունենալով համաշխարհային անալիտիկ քիմիայի զարգացման մեջ, մինչև մահվան օրը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի հազվագյուտ և ցրված տարրերի հետերոպոլիմիացությունների քիմիայի և անալիզի լաբորատորիան, ինչպես նաև հանդիսանում է ավելի քան 115 գիտական աշխատությունների հեղինակ, տպագրվել է աշխարհի առաջատար բազմաթիվ գիտական հանդեսներում: Իր գյուտերից 25-ը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Բազմաթիվ թեկնածուական ատենախոսությունների ղեկավար էր: Իր կյանքի վերջին 20 տարիները նվիրելով անօրգանական պոլիօքսիմետաղատների սինթեզի ուսումնասիրությանը, Ֆերդինանդ Միրզոյանը ստանում է դրանց սինթեզի արդյունավետ եղանակ։ 1970-ական թվականներից միջազգային ամենատարբեր գիտական ասպարեզներում բազմիցս քննարկվել է պոլիօքսիմետաղատների հակավիրուսային, հակաբակտերիալ և հակաուռուցքային ակտիվությունը, սակայն Միրզոյանի և իր գիտական թիմի սինթեզած պոլիօքսիմետաղատները նանոչափերի են, որը համաշխարհային քիմիայի ոլորտում հեղափոխական մոտեցում է և հենց դրանով է պայմանավորված «Վոմիֆալի» առավել արտահայտված կենսաբանական ակտիվությունը։ Տվյալ պատրաստուկի նախակլինիկական հետազոտությունները սեփական միջոցներով իրականացվել են ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում՝ կ.գ.դ., պրոֆեսոր Կարալյան Զավեն Ալեքսանդրի ղեկավարությամբ, Մոսկվայի Գամալեայի անվան ինստիտւտի ինտերֆերոնների լաբորատորիայում և այլ երկրներում։ Բոլոր փաստերը ունեն հավաստի գիտական հիմնավորում։ Հետազոտությունները ապացուցել են տվյալ պատրաստուկի ցածր տոքսիկությունը, պատրաստուկի in vivo և in vitro փորձարկումները ցույց են տվել դրա բարձր արդյունավետությունը ՌՆԹ և ԴՆԹ վիրուսների նկատմամբ, մասնավորապես ՝ մարդկային հերպես վիրուսի(HHV), Աֆրիկյան խոզերի ժանտախտի վիրուսի(ASFV), Վակցինիա Վիրուսի(VV), Հեպատիտ C վիրուսի(HCV), Ա տիպի գրիպի և այլն։ «Վոմիֆալի» հակավիրուսային արդյունավետությունը պայմանավովրած է պատրաստուկի կողմից ինդուկցված գամմա և բետտա ինտերֆերոնների սինթեզով օրգանիզմում, ինչպես նաև ուղղակի հակավիրուսային ազդեցությամբ, որը դրսևորվում է պատրաստուկի կիրառման առաջին րոպեներից, սակայն ազդեցության այդ մեխանիզմը մինչև վերջ հետազոտված չէ։ Պետք է նշեմ նաև, որ պատրաստուկը՝ ենթարկվելով պաստերիզացիայի և ստերիլիզացիայի, պահպանում է իր ակտիվությունը։ «Վոմիֆալի» առավելությունն է նաև դրա արտադրության մատչելիությունը։ Ֆերդինանդի Միրզոյան մահից հետո ես՝ Անաիդա Ֆերդինանդի Միրզոյանս, մասնագիտությամբ բժիշկ, շարունակել եմ նրա գիտական աշխատանքը, ապացուցելով պատրաստուկի կենսաբանական ակտիվությունը կ.գ.դ., պրոֆեսոր Զ․Ա․ Կարալյանի գիտական ղեկավարությամբ , պաշպանելով թեկնածուական թեզը։ Տվյալ պատրաստուկը բազմիցս քննարկվել է թե ՀՀ ԳԱԱ-ում, թե Մխիթար Հերացու Անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանում և ստացել է ակադեմիական հանրության կողմից բարձր գնահատական։ Հաշվի առնելով ստեղծված համաշխարհային ճգնաժամը, ամբողջ աշխարհում ավելի քիչ գիտահետազոտական հիմք ունեցող բազմաթիվ պատրաստուկներ ներգրավվում են լայնածավալ կլինիկական փորձարկումներում։ Հարգելի պարոն Փաշինյան, մենք պատրաստ ենք քննարկել բոլոր հնարավոր տարբերակները պատրաստուկի հետազոտությունները շարունակելու վերաբերյալ և ունենք պետական աջակցության անհրաժեշտություն։ Մեր համոզմամբ, տվյալ պատրաստուկը կարող է ունենալ հեղափոխական ազդեցություն ՀՀ առողջապահության վրա և այս պատրաստուկով Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ իր ներդրումը COVID-19 պանդեմիայի դեմ համաշխարհային պայքարում։ [b]Հարգանքներով՝ կ.գ.թ., «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկ- ռադիոլոգ, Միրզոյան Անաիդա Ֆերդինանդի[/b]

Նմանատիպ նյութեր