Ադրբեջանից բռնագաղթած ևս 185 ընտանիքների բնակարանի հարցը լուծվեց
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց մեկնարկ հաղորդել Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի 2-րդ փուլին՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ մասնավորապես, նախատեսվում է 2 մլրդ 169 մլն դրամն ուղղել Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավիթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցի լուծմանը:
Նա հիշեցրեց, որ 2019-ին, առաջին փուլում 1,5 մլրդ դրամ հատկացվել է 112 ընտանիքի բնակարանային հարցը լուծելու համար, իսկ այս փուլում խոսքը 185 ընտանիքների մասին է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքան գումար են տալիս ամեն ընտանիքի: Պապիկյանը պատասխանեց, որ դա կախված է ընտանիքի մեծությունից և այլ չափանիշներից. «Ամեն դեպքում դա բավարար է Երևանի տարբեր հատվածներում բնակարան գնելու համար»:
«Իհարկե, կենտրոնում չեն գնի, բայց այլ վարչական շրջաններում կկարողանան գնել»,- նշեց Փաշինյանը:
Նշվեց նաև, որ նախկինում Երևան քաղաքի համար նման որոշում չի եղել, այս մարդիկ 1988-ից կամ 1990-ից բնակվում են ժամանակավոր կացարաններում: