211652_close_icon
views-count6680 դիտում article-date 12:32 27-05-2020

Ադրբեջանական կողմի կրակոցից միջդիրքային տարածքում ՀՀ ԶՈՒ-ին պատկանող ավտոմեքենա է այրվել

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը արձագանքել է որոշ լրատվական կայքերի տարածած տեղեկատվությանը, թե «ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է»։ Շ. Ստեփանյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք-ի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև․ «Որոշ լրատվակայքեր այսօր տեղեկություն են տարածել, որ «երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է»։ Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն, փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե մեր, թե հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։ Նախիջևանի, մասնավորապես նշված ուղղությունում, իրավիճակը հարաբերական կայուն է և վերահսկելի, մտահոգիչ զարգացումներ չկան։ Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում հայկական զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում, այո, ավտոմեքենան այրվել է, սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը միշտ էլ ճնշվում է, բայց, ի տարբերություն հայկական որոշ լրատվամիջոցների, ադրբեջանականները, ցավոք, այդ մասին չեն հայտնում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր