211652_close_icon
views-count905 դիտում article-date 11:59 27-05-2020

Պարեկային ծառայողները վարչական արձանագրություններ կազմելու համար կունենան պլանշետներ

Հայաստանում Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների փոխարեն նախատեսվող պարեկային ծառայության ներդրման արդյունքում վարչական արձանագրությունների կազմման գործընթացները առավելագույնս կավտոմատացվեն, պարեկային ծառայողները կունենան պլանշետներ: «[url=https://armenpress.am/arm/news/1016545.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին, թե արյդոք նախատեսվո՞ւմ է ստեղծել էլեկտրոնային որևէ հարթակ, որում մուտք կատարելով՝ վարչական իրավախախտման արձանագրություններն ավտոմատ կերպով կմուտքագրվեն համակարգ: «Լինելու է տեխնիկական հագեցման մաս՝ մասնավորապես էլեկտրոնային գործիքների ներդրմամբ, GPS քարտերի ներդրմամբ, բազաներին որոշակի հասանելիություն ունենալով, նաև տեսախցիկներով: Վարչական իրավախախտումների արձանագրումը տեսախցիկներով հնարավոր է: Եվ ավտոմատացումը կենտրոնական դեր է ունենալու: Արդեն ունենք ծրագիր՝ պարեկային ծառայողներին պլանշետներով հագեցնելու հնարավորություն, որպեսզի նրանք ձեռամբ արձանագրություններ չկազմեն: Դա հնարավորություն կտա հասանելիություն ունենալ տարբեր բազաներին և կազմել էլեկտրոնային արձանագրություններ»,-ասաց Գրիգորյանը: Նա նաև նշեց՝ պարեկային ծառայությունն անընդհատ շարժման մեջ է լինելու: Ուստի վարչական արձանագրությունների կազմման գործընթացը ավտոմատացվելու է առավելագույնս, որպեսզի ժամանակի խնայողություն արվի, ամեն մի իրավախախտման ժամանակ ծառայողը երկար ժամանակ կանգնած չմնա մի վայրում: Քննարկվող նախագծով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5­ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն:

Նմանատիպ նյութեր