211652_close_icon
views-count2132 դիտում article-date 10:48 27-05-2020

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց որոշ համայնքներում համամասնական ընտրակարագի անցնելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության և խորհրդարանական երեք խմբակցությունների պատգամավորների համատեղ նախաձեռնությամբ ներկայացված նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է 4 000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում սահմանել ՏԻՄ համամասնական ընտրություններ: «[url=https://armenpress.am/arm/news/1016542.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 116 «կողմ» ձայն: Նախագծով առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանել մինչև 4 000 ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ՝ այն է գործող ընտրակարգը: Իսկ 4 000 և ավելի ընտրող ունեցող և բազմաբնակավայր համայնքներում առաջարկվում է սահմանել ՏԻՄ-երի համամասնական ընտրություններ: Սա ենթադրում է, որ 4 000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում պետք է լինեն համամասնական կարգով ընտրություններ, որոնց կմասնակցեն քաղաքական կուսակցությունները և դաշինքները: Փոփոխություններ են առաջարկվում նաև համայնքների ավագանիների անդամների թվաքանակի, ընտրական գրավի չափի, նախընտրական հիմնադրամների ձևավորման վերաբերյալ կարգավորումներում: Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս՝ գործող 6-ի փոխարեն: Իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս գործող 8-ի փոխարեն: Երբ լրանում է ավագանու լիազորությունների ժամկետը, կամ վաղաժամկետ դադարեցվում են լիազորությունները, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չի լրանում, մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը, որից հետո սույն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ընտրված և ձևավորված համայնքի ավագանին իր կազմից ընտրում է համայնքի ղեկավար:

Նմանատիպ նյութեր