211652_close_icon
views-count1154 դիտում article-date 18:58 26-05-2020

Կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է, այլ ոչ թե պատճառ․ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան լրատվական գործակալությանը

«Կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի յուրահատկությունը ոչ թե վիրուսի բնույթն է, այլ՝ պայմանները, որոնցում այն զարգանում է,- ռուսաստանյան «Sputnik Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, հավելելով, որ կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է, այլ ոչ թե պատճառ: -Ուստի պետք է նախ նայել այն միտումներին, որոնք սկսվել են վիրուսից շատ ավելի առաջ: Աշխարհը դարձել է շատ ավելի դինամիկ, անկանխատեսելի, վիրտուալ, փոփոխությունները տեղի են ունենում մարդու կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ քաղաքականությունից մինչև մարդկային պարզ հարաբերություններ»: Նախագահ Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսը, կարելի է ասել, միայն արագացրել է այդ վերափոխումները, բայց չի ազդել դրանց բնույթի և բովանդակության վրա: Թե ինչպիսին կլինի հետկորոնավիրուսային աշխարհը, այսօր ակտիվորեն քննարկվում է բոլոր մակարդակներում: Ակնհայտ են համաշխարհային տնտեսության համար օբյեկտիվ բացասական հետևանքները և շարունակական անկման փուլը: «Իմ կարծիքով, համավարակն ունի մի շարք ավելի խորքային հետևանքներ,-ընդգծել է Հայաստանի նախագահը:-Նախ, միջազգային հանրությունը գիտակցեց իր խոցելիությունը գլոբալ մարտահրավերների առաջ, որոնք, ի դեպ, քվանտային բնույթ են կրում: Երկրորդը՝ պետությունն ու հասարակությունը զգացին, թե որքան կարևոր է միջոցներ ներդնել հենց գիտության, առողջապահության ոլորտներում, ինչը կարող է փրկել միլիոնավոր կյանքեր»: Խոսելով այն մասին, թե ինչպե՞ս կարող է համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակն ազդել ԵԱՏՄ անդամ երկրների վրա, նախագահ Սարգսյանն ասել է, որ ԵԱՏՄ յուրաքանչյուր երկիր ընտրել է պայքարի իր սեփական մեթոդը, հետևաբար, հետևանքները տարբեր կլինեն: «Ընդհանուր առմամբ, հույս ունեմ, որ այս ճգնաժամն ինչ-որ առումով կծառայի որպես ինտեգրման կատալիզատոր, առաջին հերթին՝ գիտական և առողջապահական ոլորտում,- նշել է նախագահ Սարգսյանը: -Արմատական փոփոխություններ տեղի կունենան աշխատանքի շուկայում, որը, պարզվեց, համավարակի ֆոնին ամենախոցելիներից է: Բարձր որակավորում ունեցող անձնակազմի պահանջարկը նաև կրթական քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կառաջացնի: Անհրաժեշտ է լուծել այս կարևորագույն խնդիրները, ինչը կպայմանավորի ակտիվացումը համագործակցության երեք ուղղությամբ՝ գիտություն, կրթություն, աշխատանքի ոլորտ: Սիներգետիկ արդյունքը, որին հնարավոր է հասնել ԵԱՏՄ երկրների՝ այս ոլորտներում հնարավորությունների համադրման միջոցով, թույլ կտա առաջընթաց գրանցել խնդիրների լուծման գործում»: Հետևանքների թվում նախագահը նաև նշել է, որ առողջապահության ոլորտի համաշխարհային ճգնաժամը, հնարավոր է, կլիմայի փոփոխությունն առանցքային հարց դարձնի քաղաքական օրակարգում, քանի որ կորոնավիրուսի վերաբերյալ մտահոգությունները գնալով ավելի իրական են դառնում: «Բացի այդ, երկրներն առավելագույն ջանքեր կներդնեն և ի ցույց կդնեն իրենց ներուժը՝ փորձելով վերագործարկել տնտեսությունը,- ասել է Հայաստանի նախագահը։ -Դա կարող է ավելի խորացնել կլիմայի փոփոխությունն ու օդի աղտոտվածությունն այն իմաստով, որ բնապահպանական կանոնները, ամենայն հավանականությամբ, կթուլանան կամ ամբողջովին կանտեսվեն»:

Նմանատիպ նյութեր