211652_close_icon
views-count851 դիտում article-date 13:04 26-05-2020

Սա քաղաքականությունից դուրս է. Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը կորոնավիրուսի հարցում միասնականության կոչ արեց

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական, նաև արտախորհրդարանական ընդդիմությանը կոչ արեց նոր տեսակի կորոնավիրուսի հարցում միասնական դիրքորոշում ցուցաբերել: «[url=https://armenpress.am/arm/news/1016436.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ մայիսի 26-ի նիստում իր ելույթում: «Ես մի առաջարկ ունեմ, որը ոչ միայն վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, այլ նաև արտախորհրդարանական ընդդիմությանը և քաղաքական դաշտում գործող բոլոր գործիչներին: Ակնհայտ է, որ պատերազմի, սահմանում կանգնած զինվորի հետ կապված որևէ մեկն այս դահլիճում կամ դահլիճից դուրս չի կարող այլ կարծիք ունենալ: Եվ այս պարագայում նույնպես մեր միասնականությունն է պետք, քանի որ մարդիկ են մահանում: Կարծում եմ, որ այս համավարակի հետ կապված մենք պետք է մշտապես միասնական դիրքորոշում ցուցաբերենք և, եթե դրա կարիքը կա, նույնիսկ ինչ-որ ֆորմատներ հասկանանք ու քննարկումներ անենք»,-ասաց Սիմոնյանը: Նա շեշտեց՝ սա միասնական աղետ է: ԱԺ փոխնախագահը հորդորեց նաև դահլիճում գտնվող գործընկերներին՝ մտածել այդ ուղղությամբ և միասնական ինչ-որ գործողություններ ձեռնարկել այս «պատերազմական» իրավիճակում միասին քննարկելու, աշխատելու: «Եվ մեզ համար ներքին ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերենք, որ կորոնավիրուսի հետ կապված բոլոր հարցերը, բոլոր խնդիրները «խաղից դուրս» կանոններ են, չի կարելի, և մենք մեզ թույլ չենք տալու դա քաղաքական որևիցե նպատակով օգտագործել: Կրկնում եմ՝ եկեք հասկանանք մի տարբերակ, իրար ձեռք մեկնենք, կորոնավիրուսի հետ կապված միասնական լուծումներ գտնելու, բոլորին օգնելու և զոհերից խուսափելու համար: Սա համաշխարհային աղետ է, և սա վերաբերում է բոլորիս, սա քաղաքականությունից դուրս է»,-ասաց պատգամավորը: Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7 402 դեպք, որոնցից 3 220-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 52 554 թեստավորում, արձանագրվել է մահվան 91 դեպք:

Նմանատիպ նյութեր