211652_close_icon
views-count601 դիտում article-date 10:17 26-05-2020

Տնտեսությունը ծանր իրավիճակում է․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսի համաճարակը մեծ հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը, խախտվել է տնտեսական հավասարակշռությունը։ Տնտեսության որոշ ճյուղերում ահռելի չափերով ավելացել է պահանջարկը, իսկ մի շարք ճյուղերում էլ պահանջարկի խիստ նվազում է նկատվում։ Այսպիսի անկանխատեսելի պայմաններում տնտեսվարողները քայլեր են ձեռնարկում, որպեսզի խուսափեն հնարավոր կորուստներից ու չհասնեն սնանկացման եզրին։ Սակայն իրավիճակի ամբողջ ծանրությունն ընկնում է շարքային աշխատակիցների վրա, որոնք կարող են մնալ առանց աշխատանքի։ Իսկ գործազրկությունը այս պահին համավարակի արդյունքում տուժած երկրներին հուզող ամենակարևոր հարցերից է։ Քանի որ գործազրկությունը հանգեցնելու է սոցիալական լարվածության ավելացման և պետության բեռի մեծացման։ Գործազրկության հարցը սուր է նաև Հայաստանի համար, որը ներկայումս լուրջ տնտեսական մարտահրավերների առաջ է կանգնած։ Ճիշտ է՝ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման փաթեթներ է գործարկում, սակայն դրանց ծավալներն այնքան մեծ չեն, որպեսզի մեղմեն ծանր տնտեսական իրավիճակի հետևանքները։ Մոտ երկու ամիս Հայաստանում գործող արտակարգ դրության պայմաններում սահմանվել էին տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Եվ այդ երկու ամսվա ընթացքում պարզ դարձավ, որ մեր տնտեսությունը հսկայական վնասներ է կրում, և եթե այդպիսի սահմանափակումները երկար շարունակվեն, ապա բազմաթիվ տնտեսվարողներ ստիպված կլինեն կրճատել իրենց աշխատակիցներին կամ էլ ուղղակի կանգնել սնանկացման եզրին։ Եվ եթե Հայաստանի տնտեսության լճացումը շարունակվի, ապա դրա բացասական հետևանքները կարող են անդառնալի լինել՝ հանգեցնելով ընդհուպ նոր արտագաղթի ալիքի։ Պետք է հաշվի առնել, որ մեծաթիվ տնտեսվարող սուբյեկտներ վարկային պարտավորությունները կատարելու տեսանկյունից խնդիրների առաջ են կանգնելու, քանի որ լրանում է բանկերի կողմից տրամադրված վարկային արձակուրդների ժամկետը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր