211652_close_icon
views-count781 դիտում article-date 14:49 25-05-2020

Բաբկեն Թունյանը բենզինի ներկրման ոլորտում խնդիր է տեսնում

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը բենզինի ներկրման գծով տեսնում է խնդիր և կարծում է, որ պետք է հնարավորինս շուտ լուծում տալ դրան: «[url=https://armenpress.am/arm/news/1016320.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում: Անդրադառնալով բենզինի, դիզվառելիքի շուկային՝ Թունյանը նկատեց, որ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է՝ առաջին անգամն է, որ պետական մարմինը բաց խոսում է միջնորդ օղակի մասին: Թունյանի կարծիքով՝ ավելի լավ կլինի, որ ավելի շատ բացեն փակագծերը: Որպես խնդիր է նշվել Ռուսաստանից ներկրվող քվոտավորված վառելիքի ձեռք բերման և ներմուծման գործընթացում միջնորդ կազմակերպությունը: Թունյանի կարծիքով՝ խոսքը «Ռոսնեֆտ-Արմենիա»-ի մասին է: «ԱԺ այս քառօրյա նիստերից հետո, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովով կկազմակերպենք քննարկում, կհրավիրենք Գևորգյանին, շուկայի խաղացողներին և կփորձենք առավելագույնս բացել այս թեման: Կփորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում, որ հասարակության համար էլ պարզ լինի, թե կոնկրետ կազմակերպությունները, որոնք շղթայի մեջ արհեստականորեն մտած են, ինչպես են ազդում ընդհանուր գնագոյացման վրա: Որպեսզի պարզ լինի, թե Հայաստանում վաճառվող ամեն լիտր բենզինից որքան գումար է գնում որոշ մարդկանց գրպանը»,- ասաց պատգամավորը: Նա նշեց՝ միասին պետք է քննարկել խնդիրը լուծելու ճանապարհը, և խնդիրը պետք է լուծել հնարավորինս արագ:

Նմանատիպ նյութեր