211652_close_icon
views-count832 դիտում article-date 14:00 23-05-2020

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ

Մայիսի 22-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորեց իր գործընկերոջը գալիք ազգային տոնի կապակցությամբ՝ հաջողություն և բարօրություն մաղթելով Արգենտինայի բարեկամ ժողովրդին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման և սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը և Ֆելիպե Սոլան վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և պատմական ամուր կապերով միահյուսված հայ-արգենտինյան համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ: Այդ համատեքստում երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց Արգենտինայի հայ համայնքի կամրջող դերակատարությունը ինչպես Հայաստանի և Արգենտինայի միջև կապերի ամրապնդման և աշխուժացման, այնպես էլ երկու ժողովուրդներին առավել մերձեցնելու գործում: Ի թիվս երկկողմ համագործակցության մի շարք ուղղությունների՝ արտգործնախարարներն առանձնացրեցին առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները՝ անմիջական դերակատարների և գործարար շրջանակների միջև կապերի խթանման տեսակետից կարևորելով համապատասխան հարթակների ստեղծումը և միջոցառումների նախաձեռնումը: Երկուստեք գոհունակությամբ նշվեց բազմակողմ ձևաչափերում առկա արդյունավետ փոխգործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա: Այս տեսակետից առանձնահատուկ բարձր գնահատվեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ Հայաստանի և Արգենտինայի սերտ համագործակցությունը։ Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի:

Նմանատիպ նյութեր