211652_close_icon
views-count12382 դիտում article-date 14:36 21-05-2020

Հայաստանում մինչև 18 տարեկանների շրջանում կորոնավիրուսով վարակվել է 270 հոգի

Հայաստանի Հանրապետությունում մինչև 18 տարեկանների շրջանում կորոնավիրուսով վարակվել է 270 հոգի, որոնցից 2-ն ունեն թոքաբորբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Երեկվա դրությամբ մենք ունենք 270 մինչև 18 տարեկան պացիենտ: Նրանցից միայն 2-ն ունեն թոքաբորբ, սակայն շատ թեթև: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է երեխաներին անհարկի վարակվելու վտանգի ենթարկենք: Մենք պետք է պաշտպանենք բոլորին: Պետք է երեխաները ևս դիմակ կրեն: Խոսքը, իհարկե, չի վերաբերում այն երեխաներին, որոնց համար դա դժվար է»,- նշեց Թորոսյանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակված հղիների թիվը հասնում է 23-ի, և նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։ Հայաստանում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5 606 դեպք, որոնցից 2 581-ն` առողջացած: Թեստավորվել է 45 822 քաղաքացի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 928 պացիենտ, արձանագրվել է մահվան 70 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 27 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ի ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ի ժամը 17:00-ն ժամկետով:

Նմանատիպ նյութեր