211652_close_icon
views-count530 դիտում article-date 10:49 19-05-2020

Կառավարության անդամներն ու պատգամավորները սոցիալապես պատասխանատու վարքի լավագույն մոդելը չեն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այս երեք ամիսների ընթացքում ես շատ մարդկանցից եմ լսել «ես չեմ հավատում» արտահայտությունը: Խոսքը, բնականաբար, կորոնավիրուսի մասին է: Հազարավոր մարդիկ Հայաստանում մինչև հիմա կարծում են, որ համավարակի հետ կապված այս ամբողջ պատմությունը ծայրից ծայր հնարած է, որ բացի սովորական գրիպից որևէ այլ արտասովոր բան մարդկանց հետ չի պատահում, և ինչ-որ մութ ուժեր, դավադիրներ (դրանց անունը տարբերակվում է ըստ ճաշակի) կորոնավիրուսի միջոցով պարզապես մոլորության մեջ են գցել մարդկությանը: Անգամ վարակվածների և մահացածների` Հայաստանի մասշտաբով ահռելի թիվը մարդկանց չի սթափեցնում. ի հեճուկս փաստերի նրանք շարունակում են մնալ «անհավատ»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին մեր քաղաքացիների մեծամասնությունը, կարծես թե, վստահում է, երեկ ևս մեկ անգամ վերահաստատել է, որ կորոնավիրուսը «բլեֆ չէ», որ դա իրական վտանգ է, որից բոլորս պետք է զգուշանանք: Հուսով եմ, դա կազդի կասկածողների գոնե մի մասի վրա: Զգուշացումն, իհարկե, տեղին է, արտակարգ դրության երկարաձգումը՝ նույնպես: Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք ինքը՝ կառավարությունը, չի նպաստել հասարակության «անհավատությանը»` սկզբնական շրջանում թեթևամիտ վերաբերմունք ցուցաբերելով կորոնավիրուսի հանդեպ և արդյո՞ք այս ամիսների ընթացքում ամենն արել է՝ վարակի տարածումը կանխելու համար: Ինձ թվում է, երկու հարցերի պատասխանն էլ ակնհայտ է: Այս ուղղությամբ կառավարության կատարած աշխատանքի լավագույն ցուցիչն է վարակվածների և մահացածների թվի դինամիկան, որը Հայաստանում բացասական է՝ ի տարբերություն եվրոպական երկրների մեծամասնության, որտեղ համավարակի բարձրակետն, ըստ ամենայնի, անցած է: Իհարկե, ավելի մանրամասն վերլուծությունները կարվեն այն ժամանակ, երբ մարդկությունը կհաղթահարի այդ արհավիրքը (իսկ որ դա վաղ թե ուշ տեղի կունենա, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում): Այս պահին, ըստ երևույթին, ամենահրատապ խնդիրն է ավելի կոշտ և վճռական դարձնել ոստիկանության աշխատանքը: Բոլոր այն հաստատությունները, առևտրի կետերը, սննդի օբյեկտները, որտեղ չեն պահպանվում պարետատան կողմից ներկայացված կանոնները, պետք է անողոքաբար տուգանվեն: Նույն վերաբերմունքը պետք է ցուցաբերել օրինախախտ քաղաքացիների նկատմամբ: Կանոններն էլ անհրաժեշտ է ամեն օր հստակեցնել և, եթե հարկ կա, խստացնել: Քանի որ տնտեսական և, հետևաբար, սոցիալական վիճակը մոտակա ամիսների ընթացքում վատթարանալու է, բացառված չէ, որ կլինեն բողոքներ: Չվախենալով «ոչ դեմոկրատ» լինելուց, քաղաքացիներին պետք է հորդորել առայժմ ձեռնպահ մնալ ցույցերից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ կիրառել հարկադրանքի միջոցներ: Եվ, վերջապես, կառավարության անդամներն ու պատգամավորներն իրենք պիտի ցույց տան ձեռնոց, դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահելու օրինակը: Այս պահին նրանք սոցիալապես պատասխանատու վարքի, մեղմ ասած, լավագույն մոդելը չեն»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր