211652_close_icon
views-count4202 դիտում article-date 13:59 16-05-2020

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ վարկային արձակուրդ է տրամադրվել 500 հազար անձանց

Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրությամբ պայմանավորված վարկառուների զգալի մասի համար տրամադրել են վարկային արձակուրդներ։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1015483.html]Արմենպրես[/url]»-ը, մայիսի 16-ին այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»: «Մայիսի 15-ի դրությամբ վարկային արձակուրդ է տրամադրվել 485 հազար ֆիզիկական անձանց և ավելի քան 15 հազար իրավաբանական անձանց։ Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768 հազար 150 վարկ և իրավաբանական անձանց 16 հազար 875 վարկ»,- ասաց Փաշինյանը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները հնարավորություն են ստացել հիփոթեքային վարկերի մարումները հետաձգել 6 ամսով։ «Խոսքը «Ազգային հիփոթեքային ընկերություն» և «Բնակարան երիտասարդներին» ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի մասին է։ Մայր գումարների մարումները հնարավոր է հետաձգել մինչև 6 ամսով, այսինքն՝ մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ»,- ընդգծեց Փաշինյանը։ ՀՀ վարչապետը հավելեց նաև, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկվելու է 0.04 տոկոսի չափով, իսկ արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային չկատարված պարտավորությունների շեմը 500 հազար դրամից 2020 թվականի ապրիլի 20-ից հետո դարձել է 1 միլիոն 500 հազար դրամ: «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ սա ընդունել ենք ոչ այնքան որպես հակաճգնաժային միջոցառում, այլ սա ընդունել ենք որպես հարկային քաղաքականություն, և սա օրենսդրական փոփոխություն է, որը չի դադարեցվելու կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելուց հետո»,- նշեց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր