211652_close_icon
views-count4009 դիտում article-date 13:28 15-05-2020

Հանրային սննդի օբյեկտ մտնելուց առաջ բոլորը կջերմաչափվեն. ախտանշաններ ունեցողների մուտքը կարգելվի

Հանրային սննդի օբյեկտների մուտքի առաջ բոլորը կջերմաչափվեն, ակնհայտ ախտանիշներ՝ հազ, ջերմություն ունեցողների մուտքը կարգելվի: «[url=https://armenpress.am/arm/news/1015388.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով չարգելված տնտեսական գործունեության տեսակներում անվտանգության նոր կանոնները: «Հանրային սննդի օբյեկտներում մուտքի առաջ բոլորն անպայման պետք է ջերմաչափվեն: Ում ջերմությունը բարձր կլինի, կանոնների համաձայն, չեն սպասարկվի: Չի թույլատրվելու այն անձանց մուտքը, որոնք կունենան բացահայտ ախտանիշներ՝ հարբուխ, հազ, բարձր ջերմություն: Միևնույն ժամանակ վերջիններիս վերաբերյալ տեղեկատվությունն անհրաժեշտ է հաղորդել Առողջապահության նախարարության թեժ գծերին»,-ասաց փոխնախարարը: Նա շեշտեց՝այդ միջոցառումներն ուղղված են միմիայն համավարակի տարածումը կանխելու, ռիսկի մակարդակը հնարավորինս իջեցնելու համար, հորդորեց քաղաքացիներին, տնտեսավարողներին՝ խստորեն հետևել կանոններին: Սիմոնյանը հորդորեց ձեռնարկատերերին՝ մինչև լիովին չապահովեն կանոնները, չվերսկսեն իրենց գործունեությունը: Միայն բոլոր կանոնների պահպանումը թույլ կտա իրականացնել վերջիններիս գործունեությունը: Մասամբ կանոնների կիրառումը կնշանակի, որ աշխատանքը թերի է, և դա հիմք է գործունեությունը սահմանափակելու համար: Կանոնները սահմանված են պարետի համապատասխան որոշման հավելվածում: Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից, ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: Սակայն մայիսի 18-ից գործելու է հանրային տրանսպորտը: Թույլատրվելու է հանրային սննդի օբյեկտների գործունեությունը, որոնք ծառայություններ են մատուցում նաև փակ տարածքներում: Հանրային բաց տարածքներում դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ տարածքներում կրելը լինելու է պարտադիր:

Նմանատիպ նյութեր