211652_close_icon
views-count1915 դիտում article-date 20:14 13-05-2020

Քննչական կոմիտեի կողմից ՀՔԾ ուղարկված գործը վերաբերում է Արմեն Աշոտյանին

[url=https://www.pastinfo.am/hy/news/2020/05/13/%D5%94%D5%B6%D5%B6%D5%B9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AB-%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4%D5%AB%D6%81-%D5%80%D5%94%D4%BE-%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D6%80%D5%AF%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A8-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%B7%D5%B8%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6/993055?fbclid=IwAR2772MRzlPlR4_GbGE7qTVkz5hEGXjDrh-PPTxj6jh9NE3fPC0Oly8CPWA]«Փաստինֆո»[/url]-ի տեղեկություններով ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու քրեական գործը, որը Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, առնչվում է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնավարման շրջանին, մասնավորապես Գեղարքունիքի մարզի Զոլաքարի դպրոցին 2012-13 թթ-ին: Նշենք, որ դեռ 2018 թվականի նոյեմբերին 28-ին վկայի կարգավիճակով Արմեն Աշոտյանը հարցաքննվել էր Երևանի քննչական վարչությունում : Նա պատմել էր, որ խնդիրը վերաբերել է ՎՊ ստուգումների արդյունքում արձանագրված համակարգային խնդրին, տվյալ դեպքում՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի դպրոցներից մեկին, որտեղ աշխատելու համար հայտավորված ուսուցիչները կրթություն ստանալուց հետո չեն գնացել տեղում աշխատելու: Աշոտյանը տեղեկացրել էր, որ Զոլաքար համայնքի դպրոցի գլխին կախված է եղել փակվելու վտանգ, քանի որ համալսարանը դատական կարգով պահանջել է փոխհատուցել պետբյուջեից ծախսված գումարները, իսկ ինքը, դպրոցի փակման խնդրի վերաբերյալ համայնքից ստացվող ահազանգերը եւ երեխաների կրթության իրավունքը հաշվի առնելով, կրթության և գիտության նախարար եղած ժամանակ խնդրել է մանկավարժական համալսարանի ռեկտորին հետ կանչել ԴԱՀԿ-ի կատարողական թերթիկը և կասեցնել Գեղարքունիքի Զոլաքար գյուղի դպրոցից մի քանի միլիոն դրամ գանձելու պահանջը: Երկու տարի առաջ Աշոտյանը պատմել էր, որ գործը հարուցված է եղել մինչեւ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, բայց իր ներգրավվածությունը գործում որպես վկա ընդգծվել է «ընդդիմադիր դառնալուց հետո»: «Քրեական հոդվածը կոչվում է պաշտոնեական դիրքի վերազանցում՝ զավեշտալի մի պատմություն, որը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերից հայտարարել էր Աշոտյանը: Հիշեցնենք, ՔԿ-ն այսօր հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն: Փաստի առթիվ 2020թ. մայիսի 12-ին քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին: ՔԿ-ից հայտնել էին, որ գործն ուղարկվել է ՀՔԾ:

Նմանատիպ նյութեր