211652_close_icon
views-count4075 դիտում article-date 09:09 13-05-2020

Ռոբերտ Քոչարյանը կմնա՞ կալանքի տակ, թե՞ ոչ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ժամը 17:50-ին կկայանա Սահմանադրական կարգի տապալման հարցով հերթական դատաքննությունը, և դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է որոշում կայացնի` Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ ՀՀ 3 և Արցախի մեկ վարչապետերի միջնորդությունը մերժո՞ւմ է, թե՞ բավարարում: Այսինքն՝ Քոչարյանը ազատ կարձակվի՞, թե՞ կշարունակի մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Կարեն Կարապետյանը և Արցախի վարչապետ Անուշավան Դանիելյանն անձնական երաշխավորությամբ խնդրել էին դատարանից կալանքից ազատել Քոչարյանին՝ խոստանալով, որ նա որևէ տեղ չի գնա, բարեխղճորեն կներկայանա դատաքննությանը: Մի շարք իրողություններ իրար հետ համադրելով կարելի է ենթադրել, որ Դանիբեկյանը բաց կթողնի Քոչարյանին, որովհետև միջնորդություն ներկայացրել էին նաև Արցախի նախկին ու գործող նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, և անցած տարի մայիսի 18-ին Քոչարյանն ազատ արձակվեց: Բայց, չնայած տվյալ նախադեպին, այս ընթացքում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք մարդկայնորեն կարող են դատավորին դրդել կայացնելու այլ որոշում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում մի խումբ անձինք հետապնդել են դատավորին, վիրավորական արտահայտություններ հնչեցրել: Սակայն այս դեպքերից հետո Դանիբեկյանի գործընկեր Վազգեն Ռշտունին որոշում էր կայացրել և ազատ էր արձակել մեղադրյալ Սարգիս Օհանջանյանին: Եվ Դանիբեկյանը գործընկերների կողմից սա վիրավորական է համարել: Նաև այս ընթացքում տեղեկատվական ահռելի արշավներ են կազմակերպվել նրա դեմ, որից ևս վիրավորված է: Թե ինչ որոշում կկայացնի, միանշանակ դժվար է կանխատեսել, բայց ամենայն հավանականությամբ, դատելով իրավիճակից, Աննա Դանիբեկյանը կալանքի տակ կթողնի Քոչարյանին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր