211652_close_icon
views-count530 դիտում article-date 10:42 12-05-2020

Այս պահին չէի երաշխավորի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանի նախկին 3 վարչապետերը և Արցախի նախկին վարչապետը անձնական երաշխավորություն են տվել՝ խնդրելով փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Թե դատարանի դահլիճում, և թե ֆեյսբուքյան տարածքում նրանց հասցեին ասվեցին բազմաթիվ ծանր խոսքեր: Անշուշտ, Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Անուշավան Դանիելյանն անցել են երկար և ոչ հարթ ճանապարհ, և իրենց արածների նկատմամբ չի կարող լինել միանշանակ վերաբերմունք: Բայց նրանց վարկաբեկել միայն այն պատճառով, որ երաշխավորել են Քոչարյանին, ինձ թվում է, սխալ ճանապարհ է: Դա կապ չունի այդ գործիչների նախորդ գործունեության հետ. եթե նրանք պահանջեին անհապաղ գնդակահարել Երկրորդ նախագահին, ապա դրանից հրեշտակներ չէին դառնա: Պահի տակ, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, մարդկանց հերոս կամ հակահերոս դարձնելու պրակտիկան խոսում է, հավանաբար, հասարակության չափից դուրս հուզական մոտեցումների մասին: Եթե մարդը վարչապետ կամ նախագահ է աշխատել, չի կարող պատահել, որ նրա բոլոր քայլերը լինեին վնասակար և դատապարտելի: Եթե այդպես ենք մտածում, ուրեմն կա՛մ պիտի մեր անցած 28,5 տարին ներկենք սև գույնով, կամ էլ ենթադրենք, որ բոլոր «սպիտակ հատվածներն» ի հայտ են եկել ի հեճուկս բարձրաստիճան պաշտոնյաների: «Մարտի 1»-ն, անշուշտ, չափազանց սև էջ է, որի թիվ 1 քաղաքական և բարոյական պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է: Եթե երկրորդ նախագահի ու նրա շրջապատի ցինիզմի աստիճանը փոքր-ինչ ավելի ցածր լիներ, նրանք ավելի զուսպ և համեստ կդրսևորվեին դատարանում և դրա պատերից դուրս: Իսկ թե ինչպիսին պետք է լինի քրեական պատասխանատվությունը՝ կարող է պարզվել միայն դատավարության ընթացքում: Բայց հիմա դատարանում այդ հարցը չէ, որ քննարկվում է. ընդամենը կալանքն այլ խափանման միջոցով փոխելու խնդիրն է: Եթե ինձ հարցնեին՝ ես այս պահին պատրաստ չէի լինի երաշխավորել այդ փոփոխության անվտանգությունը, որովհետև մեր արդարադատության համակարգը չունի առայժմ այն գործիքակազմերը (տեխնիկական, կազմակերպչական, իրավական), որոնք հնարավորություն են տալիս ամբաստանյալին տուն վերադառնալու, բայց արտաքին աշխարհի հետ նրա շփումները խիստ սահմանափակում են: Իսկ որ նախկին նախագահի դեպքում նման շփումները պետք է սահմանափակվեն, դա ակնհայտ է, հաշվի առնելով նրա հսկայական նյութական միջոցները և բյուրոկրատիայի վրա հնարավոր ազդեցությունը: Բայց պարզ է, որ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բոլոր կողմ և դեմ փաստարկները դարձյալ պետք է ծանրութեթև անի դատարանը: Այնպիսի մի դատարան, որը չի վախենում վարչապետի և նրա բազմահազարանոց կողմնակիցների ցասումից, որը չի գտնվում ժողովրդական լայն զանգվածների կողմից շրջափակվելու կամ առնվազն բարոյական տեռորի ենթարկվելու սպառնալիքի տակ: Մենք ունե՞նք այդպիսի դատարան»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր