211652_close_icon
views-count1271 դիտում article-date 13:14 09-05-2020

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահին ու վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մայիսի 9-ի առիթով ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին։ Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ուղերձը Վլադիմիր Պուտինին: «Սրտանց շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ: Այս լուսավոր տոնը մարմնավորում է ֆաշիզմի՝ աշխարհի ամենասարսափելի չարիքներից մեկի դեմ հաղթանակը: Հաղթանակ, որը ձեռք է բերվել մեր հայրերի ու պապերի հսկայական արիության, անասելի կորուստների, դիմացկունության, ինքնազոհության գնով: Մենք տոգորված ենք հսկայական հպարտությամբ մեր ժողովուրդների սխրանքների համար, որոնք ուս-ուսի մարտնչել են ընդհանուր թշնամու դեմ: Անվիճելի է նրանց վճռորոշ ներդրումը ֆաշիզմի ջախջախման եւ Եվրոպայի ժողովուրդներին նացիստական ստրկացումից ազատագրելու գործում: Մենք համոզված ենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների համախմբվածության ոգին եւ եղբայրությունը, որը կոփվել է Հայրենական պատերազմի դաշտում պարտավորեցնում է մեզ հետայսու եւս ամրացնել բարեկամության կապերը, համատեղ արձագանքել ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին, հետեւողականորեն խորացնել եւ զարգացնել դաշնակցային հարաբերությունները հանուն մեր երկրների խաղաղ զարգացման եւ մեր ժողովուրդների բարօրության ապահովման: Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն եւ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին ուղղված ՀՀ վարչապետի շնորհավորանքում ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ: Այս օր մենք մեր խորը հարգանքի եւ երախտիքի տուրքն ենք մատուցում նրանց, որոնք ճակատում եւ թիկունքում անձնուրաց մոտեցրել են ֆաշիզմի դեմ ընդհանուր Մեծ հաղթանակը: Վստահ եմ, որ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը, որը ստուգվել է դաժան պատերազմական փորձություններով, այսուհետ եւս կնպաստի մեր երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրմանը:Հարգելի Միխայիլ Վլադիմիրովիչ, ցանկանում եմ ձեզ ամուր առողջություն, նոր հաջողություններ, իսկ բարեկամ Ռուսաստանի ողջ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն ու բարգավաճում:

Նմանատիպ նյութեր