211652_close_icon
views-count2376 դիտում article-date 10:10 09-05-2020

Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը սակարկության առարկա չեն. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի օրվա կապակցությամբ: 75 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ մեկտեղ տոնում էր մարդկության պատմության ամենամեծ չարիքներից մեկի՝ ֆաշիզմի դեմ կրած հաղթանակը: Այդ հաղթանակը ձեռք բերվեց մարդկային հսկայական տառապանքների, զոհողությունների, աննախադեպ խիզախության ու համառության շնորհիվ: Հայ ժողովուրդը նշանակալից դերակատարում ունեցավ այդ հաղթանակի կերտման եւ որպես հետեւանք՝ ֆաշիզմի արհավիրքից եվրոպական ժողովուրդներին ազատելու գործում: Խորհրդային բանակում ավելի քան կես միլիոն հայ մասնակցեց պատերազմին: Հազարավոր հայեր մարտնչում էին եվրոպական երկրների դիմադրության շարժման ջոկատներում: Հայ ժողովուրդը շուրջ 300 հազար կյանք դրեց հաղթանակի զոհասեղանին: Ընդամենը քառորդ դար առաջ ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար դա աներեւակայելի մեծ թիվ էր, որը համեմատելի էր միայն մեծ տերությունների կրած մարդկային կորուստների հետ: Պատերազմի ավարտին Խորհրդային Հայաստանի բնակչությունը նվազել էր ավելի քան 13 տոկոսով, այն դեպքում, երբ մեր հողի վրա պատերազմական գործողություններ բնավ տեղի չէին ունեցել: Մենք այսօր խոնարհվում ենք մեր նահատակների հիշատակի առջեւ, բայց նաեւ հպարտանում՝ մեր նախնիների հերոսությամբ: Պատերազմի ժամանակ 107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման՝ այն բարձրագույն պարգեւին, որը տրվում էր բացառիկ սխրագործությունների համար: Առանձնահատուկ պարծանքի է արժանի նաեւ հաղթանակի համար Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող հայ ժողովրդի զավակների եւ հատկապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներդրած նշանակալից նյութական ավանդը: Մենք ամբողջությամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմների մեր պարտքը: Եվ հիմա, առավել քան ուրիշ որեւէ մեկը, քաջ գիտակցում ենք խաղաղության արժեքը: Մեր ինքնությունը լավագույնս արտահայտվում է խաղաղության պայմաններում, ստեղծագործ եւ կենարար աշխատանքի միջոցով: Միեւնույն ժամանակ, իմանալով խաղաղության գինը, մենք միշտ պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել այն եւ հարկ եղած դեպքում վերստին մարտնչել մեր ազատության եւ արժանապատվության համար: Զուգադիպություն, կամ գուցե նախախնամությամբ կանխորոշված օրինաչափություն է, որ այս օրերին մենք տոնում ենք նաեւ Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը: Իրադարձություններ, որոնք բացառիկ նշանակություն ունեցան մեր նորագույն պատմության համար: Շուշիի ազատագրումն ազդարարեց Արցախի ազատագրման սկիզբը: Պսակվելով փայլուն հաղթանակով՝ այն իր հերթին դարձավ մեր ժողովրդի անվտանգության ապահովման եւ խաղաղության պահպանության առհավատչյան: Այսօր եւս մենք հաստատակամ ենք. Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը սակարկության առարկա չեն: Դրանք բացարձակ արժեքներ են մեզ համար: Հիշենք եւ արժանին մատուցենք Շուշիի եւ ողջ Արցախի ազատագրման համար զոհված մեր հերոսներին։ Նրանք կանգնեցին նույնքան ամուր, որքան իրենց պապերը մոտ կես դար առաջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում: Հիշենք Ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած մեր երիտասարդներին՝ մեր նորօրյա հերոսներին, ովքեր իրենց կյանքով ապացուցեցին, որ անմար են մեր ժողովրդի ազատատենչ ոգին եւ կամքը։ Փա՛ռք հայ ժողովրդի ազատության համար մարտնչած բոլոր հերոսներին: Կեցցե՛ հավիտենական Հայաստանը:

Նմանատիպ նյութեր