211652_close_icon
views-count34426 դիտում article-date 10:39 08-05-2020

Գորիսի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտեցին Տեղ գյուղում 45-ամյա քաղաքացու վրա կրակելու դեպքը. բերման ենթարկվածներից մեկը տնօրեն է, հայտնաբերվել է ատրճանակը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչ՝ 44-ամյա Արման Մկրտչյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 4-ին, ժամը 23։20-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի ստորին երրորդականի կույր հրազենային վնասվածք, ազդրոսկրի միջին ստորին երրորդականի շրջանի բազմաբեկորային կոտրվածք, օտար մարմնի առկայություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորոթյամբ։ Ոստիկանները տեղում պարզել են, որ վիրավորը Գորիս քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Նորայր Բալասանյանն է, ով, սակայն, կատարվածի մասին հրաժարվել է ոստիկաններին բացատրություն տալ։ Նույն օրը փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ, և մի քանի օրվա ընթացքում ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Կապանի և Գորիսի բաժինների քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, համագործակցելով Սյունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Գորիսի քննչական բաժնի քննիչների հետ, պարզում են դեպքի հանգամանքները և մայիսի 5-ին Ն. Բալասանյանին հրազենային վնասվածք պատճառելու կասկածանքով Գորիսի ոստիկանություն են բերման ենթարկում Գորիս քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 37-ամյա Սևակ Գասպարյանին, Գորիս քաղաքի բնակիչներ՝ 44-ամյա Արման Մկրտչյանին, 52-ամյա Դավիթ Կոստանդյանին և 31-ամյա Էրիկ Մալինցյանին, ով եղել է Nissan Teana մակնիշի 82 ND 888 համարանիշի ավտոմեքենայով։ Զննությամբ ավտոմեքենայում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, ինչի կապակցությամբ Ա Մկրտչյանը հայտնել է, որ այն պատկանում է իրեն։ Արդեն քննչական բաժնում փաստերի ճնշման տակ Ա. Մկրտչյանը խոստովանել է, որ մայիսի 4-ին, ժամը 23։00-ի սահմաններում Տեղ համանքի Քարաշեն բնակավայրի ավազահանքի թիվ 1 հասցեում գտնվող սննդի կետում նշված ատրճանակով ինքն է Ն. Բալասանյանի վրա կրակել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Գասպարյանը, Դ. Կոստանդյանը և Է. Մալինցյանը բաց են թողնվել, ավտմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Բերման ենթարկված, ապա բաց թողնված Դ. Կոստանդյանն աշխատում է «Դավիթ Կոստանդյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր